2023 թ․-ը, անշուշտ, բարդ տարի է լինելու: Դրա մասին են վկայում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները, որոնք կարգավորելու որևէ ցանկություն չկա: Ընդհակառակը, իրավիճակն ավելի է սրվում:
Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը հասել է այն մակարդակի, որ Եվրամիության նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բացահայտ կերպով հայտարարում է, որ ցանկություն կա ՌԴ-ն տեսնել տասնամյակներ ձգվող ռեցեսիայի մեջ: Շարունակվում է ակնհայտ եղբայրասպանությունը Ուկրաինայում:
Իրավիճակը բարդ է մեր տարածաշրջանում, որտեղ Հայաստանը մնացել է միայնակ՝ թուրք-ադրբեջանական ահաբեկչության դեմ: Փաստացի, ՌԴ-ն թողել է իր դաշնակցին՝ չհասկանալով, որ այս քայլը ծանր հետևանքներ է ունենալու Ռուսաստանի համար: Աշխարհի մյուս անկյուններում ևս շարունակվում են սովը, հիվանդությունները և բնակլիմայական աղետները:
Այս իրավիճակում մենք փորձեցինք ներկայացնել տարբեր փորձագետների կարծիքները 2023 թ․-ին սպասվող իրադարձությունների մասին և այս շարքում իրականացված կանխատեսումների վերջին խումբը կարող ենք տեսնել ստորև բերված գծապատկերում.
Գծապատկեր 1. Փորձագետների մի շարք կանխատեսումներ 2023 թ․-ի համար
Մարդկությունը չհասցրեց զգալի անցում կատարել վերականգնվող էներգետիկային, որը շատ ավելի էժան և էկոլոգիական առումով դրական հետևանքներ կարող է ունենալ: Եվ, ահա ներկայիս հակամարտության պայմաններում ավանդական վառելիքաէներգետիկ ռեսուրսների գները շարունակում են աճել: Այս առումով 2023 թ․-ին դեռևս էլեկտրաէներգիան կշարունակի թանկ մնալ: Փորձագետները մեծ հաջողություններ են խոստանում Հնդկաստանին: Վերջինս իր միլիարդանոց բնակչությամբ հսկայական շուկա է իրենից ներկայացնում, ունի տեխնոլոգիական բավականին զարգացած ոլորտ և այլն: Այդուհանդերձ, Հնդկաստանը դեռևս չի կարողանում արդյունավետորեն կրճատել աղքատության մակարդակը երկրում:
Կորոնավիրուսն էապես փոխեց աշխատաշուկայում դարերով ձևավորված ավանդույթները: Մարդիկ հասկացան, որ բազմաթիվ աշխատանքներ հնարավոր կլինի կատարել թե՛ օնլայն, թե՛ օֆլայն տարբերակներով՝ աշխատանքի շուկային հաղորդելով անհամեմատ մեծ ճկունություն: Փորձագետները փաստում են, որ 2023 թ․-ին ևս կրթությունը կբախվի խափանումների: Իրապես պատերազմները, կատակլիզմները, աղքատությունը, հիվանդությունները աշխարհի տարբեր անկյուններում, խափանում են մարդկանց կրթություն ստանալու հիմնարար իրավունքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում