Microsoft-ը մտադիր է կրճատել մոտ 11 հազար աշխատակցի

2 Min Read

Microsoft-ը նախատեսում է կրճատել իր աշխատակիցների մոտ 5%-ին, այսինքն՝ մոտ 11 հազար մարդու, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Եթե ​​որոշումը կայացվի, աշխատակիցների կրճատման մասին հայտարարությունը, հավանաբար, կհրապարակվի մինչև հունվարի 24-ը։ Հեռուստաալիքը նշում է, որ այդ օրը Microsoft-ի նախագահ և գործադիր տնօրեն Սաթյա Նադելան ներդրողներին տեղեկացնելու է ընկերության ֆինանսական վիճակի մասին:

Ընկերությունը պլանավորում է չորեքշաբթի օրը՝ հունվարի 18-ին, կրճատել աշխատատեղերը մի շարք ինժեներական բաժիններում, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ զրուցակցին։ Գործակալությունն ընդգծում է, որ կրճատումները զգալիորեն ավելի մեծ կլինեն, քան 2022 թվականի կրճատումների մյուս փուլերում: Business Insider-ը գրում է, որ Microsoft-ը կարող է սկսել կրճատումներ իր HR բաժնում և նախատեսում է կրճատել կազմը մեկ երրորդով։

2022 թվականի հուլիսին ընկերությունը հայտարարել էր, որ կրճատել է փոքր թվով հաստիքներ: Հոկտեմբերին Axios-ը հայտնել էր, որ Microsoft-ը աշխատանքից ազատել է ավելի քան 1000 աշխատակցի մի քանի ստորաբաժանումներում:

«Ընդհանուր առմամբ Microsoft-ում աշխատողների կրճատման հերթական սպասվող փուլը վկայում է այն մասին, որ իրավիճակը չի լավանում և, ամենայն հավանականությամբ, նույնիսկ կվատթարանա», – ասել է Morningstar-ի վերլուծաբան Դեն Ռոմանոֆը, ում խոսքերը մեջբերում է Reuters-ը: Կրճատումները տեղի են ունենում ԱՄՆ-ի ամբողջ տեխնոլոգիական սեկտորում, ներառյալ այնպիսի հսկաների մոտ, ինչպիսիք են Amazon-ը և Meta Platforms-ը: Amazon-ը բացահայտել է 18 հազար աշխատատեղ կամ իր աշխատուժի մոտ 6%-ի կրճատման պլանների մասին, Meta-ն աշխատանքից ազատում է մոտ 11 հազար աշխատակցի, Twitter-ը նույնպես կրճատել է հազարավոր աշխատատեղեր։

Share This Article