Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Գերմանիայի տնտեսությունը կդիմանա էներգետիկ ճգնաժամի հետևանքներին և կխուսափի ռեցեսիայից։
«Ես միանգամայն վստահ եմ, որ դա տեղի չի ունենա, չենք հայտնվի ռեցեսիայի մեջ: Մենք ցույց տվեցինք, որ ի վիճակի ենք արձագանքել շատ բարդ իրավիճակներին: Կարծում եմ՝ ոչ-ոք չէր սպասում, որ մենք հեշտությամբ կհաղթահարենք մի իրավիճակ, երբ ռուսական գազի մատակարարումները Գերմանիա և Եվրոպա ամբողջությամբ կդադարեն: Մենք դա հաղթահարել ենք մեր ճիշտ որոշումների շնորհիվ»,- ասել է Շոլցը Bloomberg հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Կանցլերի խոսքով, գազապահեստարանները լցնելու և էլեկտրաէներգիայի արտադրության համար 20 ածխային կայաններ աշխատանքի վերադարձնելու որոշումները նպաստել են իրավիճակի հաղթահարմանը: Շոլցը նաև հիշեցրել է, որ Գերմանիայում անցյալ տարվա վերջին գործարկվել է LNG-ի ընդունման առաջին տերմինալը, երկրորդը բացվել է անցյալ շաբաթ, իսկ երրորդը նախատեսվում է բացել հաջորդ շաբաթ:
Նա նաև վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի ևս Գերմանիան կկարողանա հաղթահարել ստեղծված իրավիճակը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում