ՀՀ տնտեսությունում ռուսական ներդրումների մասշտաբները. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է լարված լինել։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքներ հնչեցնել։ Այս լարված իրավիճակում ՀՀ իշխանությունները շարունակում են ապրել իրենց իսկ ստեղծած վարդագույն երազներում։ Դիվանագիտական անկարողությունը չափազանց թանկ է արժենալու մեր երկրի համար։

Այս տրամադրությունների ձևավորման պատճառը ՀՀ վարչապետի հարց ու պատասանն էր լրագրողների հետ։ Դրանից առաջ վարչապետն իր ամենօրյա ելույթում հուժկու մեղադրանքներ էր ուղղում ՌԴ-ին։ Բացի այդ՝ Հայաստանի վարչապետը նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում։ Այս ամենի փոխարեն իշխանությունները պետք է վարեին այնպիսի խելամիտ դիվանագիտական քաղաքականություն, որ Հայաստանը չհայտնվեր այս անելանելի վիճակում։

Հայաստանյան իշխանությունների ոչ ադեկվատ դիվանագիտության մասին է խոսում վարչապետի այն միտքը, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում է մի պատճառով, որովհետև, <<որևէ բան անելուց առաջ պետք է հավատալ դրան>>: Նման դիվանագիտության արդյունքում օր օրի խորանում է ճգնաժամը ՌԴ-ի հետ հարաբերություններում։ Հատուկ գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, որ չի կարելի նման գործելաոճ ցուցաբերել մի երկրի նկատմամբ, որը Հայաստանի տնտեսության «արհեստական շնչառությունն է»։ Բացի այդ՝ Հայաստանի և Արցախի տարածքում տեղակայված են ռուսական զորքեր, իսկ ՌԴ-ում բնակվում են միլիոնավոր հայեր, ովքեր հսկայական գումարներ են փոխանցում Հայաստան։

Այս ամենով հանդերձ` կցանկանանք նաև ներկայացնել մի փոքր վիճակագրություն Հայաստանում ռուսական ներդրումների մասով, որոնք ունեն ՀՀ տնտեսության գոյատևման համար կենսական նշանակություն․

Գծապատկեր 1․ Ռուսական ներդրումների զուտ հոսքերի ծավալները` 2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում

Պարզվում է՝ ռուսական ներդումների զուտ հոսքերի ծավալները 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին կազմել են 46,459․6 մլն դրամ։ Վերջինս 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36,278 մլն դրամով։

Իրավիճակը դիտարկենք ռուսական ներդրումների մաքուր պաշարների մասով․

Գծապատկեր 2․ Ռուսական ներդրումների մաքուր պաշարների մասնաբաժինը ՀՀ իրական և ֆինանսական հատվածների ներդրումների ընդհանուր մաքուր պաշարներում` 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ

ՀՀ իրական հատվածում ռուսական ներդրումների մաքուր պաշարների ծավալների մասնաբաժինը հասնում է 37,7 %, իսկ ֆինանսական հատվածում՝ 4,1 % մակարդակներին։ Իրական և ֆինանսական հատվածներում ուղղակի ներդումների մասով ունենք համապատասխանաբար 42,3 % և 7,2 % ցուցանիշները։

Կիսվեք այս հոդվածով