Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի հավելված 3-ի 12, 13, 30, 31 և 37 կետերի, ինչպես նաև հավելված 4-ի՝ երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023 թ. հունվարի 1-ից ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Բացառություն են կազմում 339-ը տրանսպորտային միջոցներ, որոնց հայտարարագրումն իրականացվել է ԵՏՀ խորհրդի 21.02.2020 թ. թիվ 20 որոշման և ԵՏՀ խորհրդի 03.04.2020 թ. թիվ 49 որոշման համաձայն (ցանկը կցվում է):
Նշված 339-ը տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ կստանան 2025 թ. հունվարի 1-ից կամ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի տարբերության վճարման դեպքում:
Ուստի, կոմիտեն հայտնում է, որ ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՀՀ ՊԵԿ դիմում գրելու և համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա։ Անհրաժեշտ է պարզապես ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի առկայությունը կից ցանկում։ Եթե տվյալ տրանսպորտային միջոցը առկա է ցանկում և դրա համար չեն վճարվել ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով հարկերը կամ մաքսատուրքերը, ապա վերջինս չունի ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Մնացած բոլոր դեպքերում՝ վերոնշյալ տրանսպորտային միջոցները 2023 թ.-ից ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
Միաժամանակ, վերոնշյալի մասին պաշտոնական գրություններով տեղեկացվել է նաև ԵԱՏՄ գործընկեր կառույցներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում