Հանրակրթական դպրոցների շենքային պայմանները. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հայաստանում իրենց աշխատանքներն են վերսկսել հանրակրթական դպրոցները: Կրթված հասարակություն ունենալն ապագա հաղթանակների գրավականն է: Սակայն հասարակության մեջ կրթության նկատմամբ սերն ու ակնածանքը հենց այնպես չեն առաջանում: Իհարկե, հայերիս գեների մեջ կրթության նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը կարծես դրված լինի, սակայն միայն դա բավարար չէ կրթված հասարակություն ունենալու համար:

Առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել կատարյալ կրթական միջավայր. բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծում, որպեսզի երեխաները կարողանան առանց որևէ խոչընդոտների կրթություն ստանալ: Մյուս կողմից կարևոր է այն միջավայրը, որտեղ մեծանում է աշակերտը: Անկախությունից հետո այդ միջավայրը լցվել է չափազանց շատ բացասական բաղադրիչներով: Դրա արդյունքում հասարակության և, հատկապես, աշակերտի մոտ ուսուցիչը, և առհասարակ, կրթությունը կորցրել է իր երբեմնի դերը և նշանակությունը:

Կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հարցում էական դերակատարում ունի պետությունը: Հիշում ենք, երբ կառավարության ներկայացուցիչը բոլորի աչքի առաջ նվաստացնում էր ուսուցիչներին՝ ստուգելով վերջիններիս անգլերենի իմացության մակարդակն այն պարագայում, երբ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է:

Վերադառնալով կրթական բարենպաստ միջավայրին՝ նկատենք, որ ներկայումս Հայաստանում շրջանառվում են գրիպի տարբեր տեսակներ, որոնք սպառնում են մեր երեխաների առողջությանը։ Այս պայմաններում ճիշտ կլիներ կամ հետաձգել ձմեռային արձակուրդները կամ անցնել հեռավար ուսուցման: Սակայն կառավարությունը որոշում կայացրեց գնալ կեղծ ճանապարհով, որը ենթադրում է ջերմաչափումը կամ հիվանդ երեխաներին դպրոց չթողնելը: Այս քայլով շատ է մեծանում իրավիճակի սրման հավանականությունը, քանի որ խիստ կասկածելի է թվում` կհետևեն արդյոք բոլորը նախարարության հրահանգներին: Արդյունքում կունենանք ավելի մեծ թվով հիվանդ երեխաներ և ընդհատված կրթական գործընթաց:

Կրթական գործընթացի բնականոն կազմակերպման նպատակով կարևոր են նաև դպրոցների շենքային պայմանները.

Գծապատկեր 1. Հանրակթական դպորցների շենքերի վիճակը 2021/22 ուս. տարում

Հայաստանում 2021/22 ուսումնական տարվա դրությամբ առկա է 1,402 դպրոց, որոնցից 39.9 %-ի մոտ շենքային պայմանները բավարար են, 32.8 %-ը կարիք ունի հիմնանորոգման, իսկ 27.2 %-ը՝ ընթացիկ նորոգման: Դպրոցների շենքային բավարար պայմանների ամենամեծ մասնաբաժինն արձանագրվել է Երևանում՝ 49.6 %, Արմավիրում, Տավուշում և Կոտայքում՝ համապատասխանաբար 45 %, 45.1 % և 40 %:

Գեղարքունիքի դպրոցների շենքային պայմանների միայն 29.8 % է բավարար: Գեղարքունիքում և Սյունիքում կարիք ունեն հիմնանորոգման առկա դպրոցների համապատասխանաբար՝ 48.4 %-ը և 40.2 %-ը: Մյուս կողմից, կարիք ունեն հիմնանորոգման Արագածոտնի, Շիրակի և Վայոց Ձորի դպրոցների համապատասխանաբար՝ 39.7 %-ը, 37.4 %-ը, և 37.5 %-ը: 

Կիսվեք այս հոդվածով