Ֆրանսիայում բողոքի ցույցեր են ընթանում` ընդդեմ կառավարության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների

1 Min Read

Ֆրանսիական արհմիությունները մոբիլիզացվում են կենսաթոշակային համակարգի բարեփոխման մասին կառավարության հայտարարությունից հետո։ Այն կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնում է 64-ի։ Վարչապետ Էլիզաբեթ Բորնի խոսքով՝ այդ միջոցներն անհրաժեշտ են համակարգի գոյատևումն ապահովելու համար և փուլ առ փուլ կներդրվեն մինչև 2030 թվականը։

Արհմիությունները վաղուց զգուշացրել են, որ դեմ են լինելու կենսաթոշակային տարիքի ցանկացած բարձրացմանը մինչև 64 կամ 65:

«Բարեփոխումների մասին կառավարության հայտարարությունից հետո բոլոր արհմիությունները անմիջապես հավաքվեցին՝ մշակելու միջպրոֆեսիոնալ մոբիլիզացիայի ընդհանուր պատասխան, որը կլինի 2023 թվականի հունվարի 19-ին՝ գործադուլների և ցույցերի տեսքով»,-ասել է Ֆրանսիայի Աշխատանքի դեմոկրատական ​​համադաշնության (CFDT) գլխավոր քարտուղար Լորան Բերգերը։

Արհմիությունները կտրականապես մերժում են նախագիծը և զգուշացնում, որ հունվարի 19-ի մոբիլիզացիան կլինի միայն սկիզբը մի շարք գործողությունների, որոնց նպատակն է ստիպել իշխանությանը զիջումների գնալ։ Նրանք նշել են, որ նորամուծությունները մեծ հարված կհասցնեն բոլոր աշխատողներին, և հատկապես նրանց, ովքեր վաղ են սկսել աշխատել կամ ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում:

Սակայն կառավարության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումներին աջակցում են գործատուներն ու պահպանողական ուժերը։

Կիսվեք այս հոդվածով