«ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծ

3 Min Read

2023 թ-ի հունվարի 1-ին մեկնարկել է գեղանկարիչ Սամվել Հարությունյանի «ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծը հօգուտ 5 հիմնադրամների և կազմակերպությունների, որոնց թվում է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։

Նախագիծը ներկայացնում է արվեստանոցի 40 լավագույն կտավները, որոնց հրապարակված արժեքի 30 տոկոսը կտրամադրվի ընտրված բարեգործական կառույցներին` ըստ տվյալ գնորդի ցանկության և ընտրության։

Նախագծի շրջանակներում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղված միջոցները ծառայելու են Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին․ շուրջ 4,460 զոհված և անհայտ բացակայող զինվորների ընտանիքների և ավելի քան 620 զինհաշմանդամություն ստացած զինծառայողների։

Samvel Harutyunyan Art Gallery ֆեյսբուքյան էջում ներկայացված են նախագծի 40 կտավները։ Կտավ ձեռք բերել ցանկացողները կարող են էջի միջոցով կապ հաստատել արվեստանոցի հետ և գնել գեղեցիկ արվեստի գործ՝ համատեղելով բարին արվեստի հետ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) ստեղծվել 2017թ.-ին` հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և առաջին ու երկրորդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին կայուն, արդար ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ Հիմնադրամը ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։

ԶԱՀ-ը եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որի շրջանակներում Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր վճար է կատարում իր աշխատավարձից։ Հիմնադրամը համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել կյանքը և առողջությունը հանուն Հայաստանի անվտանգության զոհաբերած զինվորների և նրանց ընտանիքների բարեկեցությունը։

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են՝

  • Հայաստանի և Արցախի հարկատուների կողմից վճարվող պարտադիր վճարներից (1,500-15,000 ՀՀ դրամ՝ կախված ամսական եկամուտից)
  • Նվիրաբերություններից, որոնք ստացվում են ողջ աշխարհից
  •  ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից։

ԶԱՀ-ը կառավարվում է անկախ հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև բարձր մոտիվացիայով և փորձառու երիտասարդ գործառնական թիմի կողմից:
ԶԱՀ-ի առաքելությունն է համախմբել ազգին՝ կանգնելու զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին՝ ապահովելու նրանց ֆինանսական կայունությունը և արժանապատիվ կյանքը՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ մեր հանձնառությամբ:

ԶԱՀ-ն աջակցում է 5,090 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12,000 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն․ ՀՀ դրամ, այնուհետև ամսական 150,000 – 300,000 ՀՀ դրամ՝ ըստ սպայական կոչման, նրանց կայուն ֆինանսական բարօրությունը 20 տարի շարունակ ապահովելու նպատակով, իսկ միջոցների հասանելիության դեպքում հնարավոր է հատուցումների ժամկետի երկարաձգում։ 2017թ․-ից ի վեր ԶԱՀ-ը տրամադրել է ավելի քան 71 մլդ․ ՀՀ դրամի հատուցում։

 

Կիսվեք այս հոդվածով