Amazon-ի որոշ աշխատակիցներ՝ զանգվածային կրճատումներից և բաժնետոմսերի գնի անկումից հետո, կոչ են անում ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին վերադարձնել գործադիր տնօրենի պաշտոնին: Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ հղում անելով աշխատակիցների ներքին նամակագրությանը։
Նշվում է, որ Amazon-ի աշխատակիցները Slack մեսենջերի աշխատանքային չաթերում սկզբում դժգոհություն են հայտնել կրճատումների պատճառով։ Դրանից հետո մի քանի աշխատակիցներ Բեզոսին առաջարկել են վերադառնալ՝ լուծելու ամերիկյան տեխնոլոգիական հսկայի խնդիրները։
«Ակնհայտ է, որ նույնիսկ Էնդին ապահով չէ», – գրել է աշխատակիցներից մեկը՝ նկատի ունենալով Էնդի Ջեսսիին, ով հաջորդել է Բեզոսին որպես գործադիր տնօրեն՝ 2021 թվականի հուլիսին։
Այնուհետև աշխատակիցն ավելացրել CNBC-ի հոդվածի հղումը, որում կանխատեսվում է, որ Բեզոսը 2023 թվականին կարող է վերադառնալ տեխնոլոգիական հսկայի ղեկավարի պաշտոնին: «Պետք է գա, նա լավագույնն է»,- ի պատասխան գրել է մեկ այլ աշխատակից։
Ավելի ուշ չաթում մի նկար է հայտնվել՝ «Արքայի վերադարձը» մակագրությամբ, իսկ մեկ այլ աշխատակից տեղադրել է ժպտացող Բեզոսի լուսանկարչական կոլաժը՝ «Կարոտե՞լ եք ինձ» մակագրությամբ։
Որոշ աշխատակիցներ Business Insider-ին պատմել են, որ իրենց հատկապես վրդովվեցրել է այն, թե ինչպես է Ջեսին հայտնում զանգվածային կրճատումների մասին: Իրավիճակին ծանոթ երեք մարդկանց խոսքով, նույնիսկ որոշ տնօրեններ և փոխնախագահներ տեղյակ չեն Amazon-ի կոնկրետ ծրագրերից։
Ջեսսին ավելի վաղ ասել էր, որ Amazon-ը կկրճատի ավելի քան 18,000 աշխատակից՝ նախկինում հայտարարված 10,000-ի փոխարեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում