Goldman Sachs Group-ն այս շաբաթ նախատեսում է վերացնել մոտ 3200 աշխատատեղ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով կրճատման մասին իրազեկ զրուցակիցներին: Ընկերությունը նաև պատրաստ է հրապարակել ֆինանսական տվյալներ՝ կապված իր կրեդիտ քարտերի և ապառիկ վճարումների բիզնեսի՝ «Platform Solutions»-ի հետ:
Ընկերությունում գործակալության աղբյուրների խոսքով՝ բանկի համար այս նոր ստորաբաժանման նախահարկային վնասը կկազմի ավելի քան 2 մլրդ դոլար։ Նյույորքյան ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։ Բիզնեսի տարբեր ոլորտների դանդաղումը և շուկաների ու տնտեսության անորոշ հեռանկարները բանկին դրդում են կրճատել ծախսերը:
Նշվում է, որ արդյունաբերության ընդհանուր միտումները սրվել են բանկի մանրածախ վարկավորման սխալների պատճառով: Վերլուծաբանների գնահատմամբ՝ դա հանգեցրել է բանկի շահույթի 46 %-ով անկման՝ մոտ 48 մլրդ դոլարի հասույթով, ինչը երկրորդ ամենամեծ ցուցանիշն է բանկի պատմության մեջ։
Goldman Sachs-ում վերջին խոշոր կրճատումը տեղի է ունեցել 2008 թվականին՝ Lehman Brothers-ի փլուզումից հետո: Այդ ժամանակ նրանք կրճատել էին մոտ 3000 աշխատատեղ՝ աշխատակազմի գրեթե 10 %-ը, և թոփ-մենեջերները որոշել էին հրաժարվել իրենց բոնուսներից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում