Համաշխարհային տնտեսությունը շարունակում է կրել դեռևս 2019 թ․-ից սկիզբ առած կորոնավիրուսի հետևանքները, ինչպես նաև 2022 թ․-ից սկիզբ առած ուկրաինական ճգնաժամը։ Վերջինս թևակոխում է նոր` առավել վտանգավոր փուլ՝ սրելով իրավիճակը։ Այս փուլում հատկապես խոցելի են դարձել ոչ միայն ուկրաինական ճգնաժամի անմիջական մասնակից, այլ նաև մեծ յոթնյակի անդամ երկրները։ Մասնավորապես, դրությունը վատթարանում է Մեծ Բրիտանիայում, որտեղ իրար հաջորդող վարչապետները չեն կարողանում գտնել այն դեղատոմսը, որը երկիրը հնարավորինս արագ դուրս կբերի ճգնաժամի ճիրաններից։
Իրավիճակն առավել հասկանալի կդառնա ստորև բերված սխեմայի օգնությամբ․
Գծապատկեր 1․ Բրիտանական տնտեսությունում առկա լարվածությունը
Առաջին հերթին բրիտանական տնտեսությունը մեծ հարված ստացավ թագավարակի կողմից։ Հիշենք, որ այն ոչ միայն խլեց հազարավոր մարդկանց կյանքեր, այլ նաև մեծ ֆինանսական կորուստներ պատճառեց պետությանը։ Իրավիճակն այս առումով շարունակում է դեռևս լարված մնալ։
Դեռևս տնտեսությունը չէր հասցրել վերականգնվել, երբ ստացավ երկրորդ հարվածը ուկրաինական ճգնաժամի տեսքով։ Այս դեպքում երկրում կտրուկ գնաճ նկատվեց։ Այս երկու գործոնների ազդեցության տակ գտնվող երկրում տնտեսությունը փրկելու համար Անգլիայի բանկը գնաց տոկոսադրույքների բարձրացման, իսկ կառավարությունն ընտրեց կոշտ ֆիսքալ քաղաքականության իրականացում։
Բազմաթիվ փորձագետների կարծիքով` ՄԲ-ի սպառողներին նոր տարին չի խոստանում որևէ դրական տեղաշարժ։ Ավելին, նշվում է, որ 2023 թ․-ը, ամենայն հավանականությամբ, բրիտանացիների համար լինելու է կոշտ և մռայլ տարի։
Այս կանխատեսումներն առավել իրատեսական են հնչում, երբ տեսնում ես թե ինչպիսի արագությամբ է ՄԲ-ի տնտեսությունը գլորվում ներքև․
Գծապատկեր 2․ Բրիտանական տնտեսության անկումը` 2022 թ․-ի առաջին երեք եռամսյակում
Այն պարագայում, երբ 2022 թ․-ի առաջին եռամսյակում ՄԲ-ում տնտեսական աճը կազմում էր 10,7 %, արդեն երկրորդ եռամսյակում տնտեսությունն աճել է ընդամենը 4 %-ով, իսկ երրորդ եռամսյակում՝ ընդամենը 1,9 %-ով։ Այս թվերը հուշում են, որ ՄԲ-ն գտնվում է խոր ռեցեսիայի մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում