ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ԽՈՐԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Ադրբեջանի և Թուրքիայի ամենասիրելի պետություններից մեկը՝ Պակիստանը, հայտնվել է բավականին դժվար իրավիճակում։ 220 մլն բնակչություն ունեցող Պակիստանը գլորվում է դեպի տնտեսական ճգնաժամի ճիրանները։ Երկիրը օգնության համար դիմել էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ-ի) օգնությանը, սակայն ֆինանսական աջակցություն չէր տրամադրվել, քանի որ Պակիստանը չէր կատարել միջազգային այս կազմակերպության ցուցումները։ Արդյունքում երկիրը կանգնել է դեֆոլտի առաջ։ Երկրում խիստ պակասել են օտարերկյա արժույթների ծավալը և երկիրը չի կարողանում վճարել իր պարտավորությունների դիմաց։

Պակիստանը միջոցներ չունի սպասարկելու համար մինչև $ 30 մլրդ-ին հասնող պետական պարտքի գծով պարտավորությունների, ինչպես նաև օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց։ Վերջինիս մասով տնտեսումներ անելու նպատակով երկրում որոշում են կայացրել սահմանափակել մասնավոր և պետական կազմակերպությունների աշխատաժամերը։ Համաձայն երկրի պաշտպանության նախարարի հրահանգի` խանութները, առևտրի կենտրոնները և այլ առևտրի օբյեկտներ աշխատելու են մինչև 20։30-ը։ Իհարկե, այս մեթոդը մի կողմից օգնելու է տնտեսել, սակայն մյուս կողմից խորացնելու է ճգնաժամը, քանի որ սահմանափակվելու է տնտեսական ակտիվությունը երկրում։

Այս անմխիթար վիճակի հիմնական պատճառներն են երկրում տեղի ունեցած տարերային աղետները, որոնք մեծ ավերածությունների և բազմաթիվ զոհերի պատճառ դարձան։ Միջուկային այս տերությունը ներքին եւ արտաքին բարդ խնդիրների առջեւ է հայտնվել։ Այս բոլոր գործոնները անընդհատ ճգնաժամեր են ստեղծում երկրում՝ առաջին հերթին մեծ հարված հասցնելով բնակչության անապահով խավին, որոնց մասնաբաժինը երկրում զգալի բարձր է։ Երկրում տնտեսական կայունության տեսանկյունից իրավիճակը հեռու է կարգավորումից։

Դրա մասին են վկայում սպառողների և բիզնեսի տրամադրությունները, ինչպես նաև գործարար ակտիվության մակարդակը արդյունաբերությունում․

Գծապատկեր 1․ Պակիստանում սպառողների և բիզնեսի վստահության համաթվերի և արդյունաբերությունում գործարար ակտիվության համաթվերի մակարդակները

Վիճակագրական տվյալների համաձայն` սպառողների վստահության համաթիվը 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում հաստատվել է 34,6 բալ մակարդակում, որը մի փոքր աճել է նախորդ եռամսյակի համեմատ, սակայն նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է շուրջ 3,32 բալով։

Բիզնես վստահության համաթիվը 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում կազմել է 46,3 բալ, որը նույնպես ցածր է 50 բալից։ Ինչը նշանակում է, որ բիզնես շրջանակներում պահպանվում են բացասական տրամադրվածությունները։

Եվ, վերջապես գործարար ակտիվությունն արդյունաբերության ոլորտում նույնպես հաստատվել է 50 բալից ցածր մակարդակում՝ 48,6 բալ։ Այս ցուցանիշը նվազագույնն է 2020 թ․-ի 4-րդ եռամսյակից հետո։ Այս բոլոր ցուցանիշները վկայում են այն մասին, որ Պակիստանում իրավիճակի շուտափույթ չկարգավորման պարագայում տնտեսական խորը ճգնաժամն անխուսափելի կարող է դառնալ, իսկ դրա խորությունը չափազանց անկանխատեսելի։

Կիսվեք այս հոդվածով