Հոլիվուդյան New Republic Pictures պրոդյուսերական ընկերության նախկին նախագահ Բրեդլի Ֆիշերը դատական հայց է ներկայացրել ընկերության ղեկավարության դեմ՝ պահանջելով ավելի քան 15 մլն դոլարի չափով վնասի փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի Գերագույն դատարան ներկայացված հայցը։
Ֆիշերը պնդում է, որ New Republic-ը 2022 թվականի հունիսին, երբ ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը դադարեցրել է ընկերության ֆինանսավորումը, առանց բացատրության խզել է իր հետ պայմանագիրը։ Հայցում ասվում է, որ Ֆիշերի հետ պայմանագիրը ևս երկու տարով երկարաձգելու բանակցությունների ընթացքում New Republic-ը նրան «ոչ այնքան բարենպաստ» պայմաններ է առաջարկել, ինչից նա հրաժարվել է։
New Republic-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Բրայան Օլիվերը 2020 թվականի սեպտեմբերին Los Angeles Times-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ընկերությունը ստեղծել է 2017 թվականին՝ «Մոնակոյում և Իսպանիայում ապրող մեծահարուստների» ֆինանսավորման շնորհիվ։ Իր հայցում Ֆիշերը պնդում է, որ խոսքը հիմնականում «ռուս օլիգարխ և [ընկերության] գաղտնի գործընկեր Դմիտրի Ռիբոլովլևի ֆինանսական աջակցության մասին է», որն ապրում է Մոնակոյում:
Ռիբոլովլևի փողերն առանցքային դեր են խաղացել New Republic-ի գործունեության մեջ, սակայն 2022 թվականի մարտին, Ուկրաինայում ռուսական «ռազմական հատուկ գործողության» մեկնարկից և մի շարք ռուս գործարարների դեմ պատժամիջոցների սահմանումից հետո, միլիարդատերը «սկսել է կրճատել իր բիզնես գործունեությունը Արևմուտքում»՝ ի թիվս այլ բաների, որոշելով «հեռանալ նաև կինոարդյունաբերությունից», – հայտարարել է Ֆիշերը: Դրանից հետո New Republic-ը սկսել է պահանջել, որ նա հրաժարվի նաև իրավունքներից, որոնք կարող են «կանխել ընկերության կամ նրա ակտիվների վաճառքը», – հայցում նշել է ընկերության նախկին նախագահը։
The Los Angeles Times-ին մեկնաբանությունների համար չի հաջողվել կապ հաստատել Ռիբոլովլևի, նրա ներկայացուցիչների, New Republic-ի և Բրայան Օլիվերի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում