Արդեն գտնվում ենք 2023թ․-ում։ Իրավիճակն աշխարհում շարունակում է լարված մնալ։ Այս համատեքստում ամանորյա տոնական սեղանների շուրջ նստած շատերս ենք փորձում հասկանալ թե ինչպիսի հնարավոր իրադարձությունների միջով պետք է անցնենք։
Նախ, բոլորն առաջին հերթին խաղաղություն են մաղթում միմյանց՝ չնայած գրեթե բոլորի մոտ կա այն մտավախությունը, որ 2023թ․-ին պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ մեծ է։
Ընդ որում՝ ակնհայտորեն մարդկանց մեջ չկա այն հավատը, որ Հայաստանը և Արցախը կարողանալու են դիմակայել սպասվելիք պատերազմին։ Մարդիկ նույնիսկ հիշում են այն ժամանակների ահ ու սարսափը, երբ հայերը ապրում էին «խաղաղության» մեջ ադրբեջանցիների հետ։
Ականատեսները վկայակոչում են այն փաստը, որ թուրք -ադրբեջանական զույգից լավ բան սպասել չի կարելի։ Դրա մասին են փաստում ակնհայտ սպառնալիքները Հայաստանի հասցեին, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև հարևանների ռազմական զորավարժությունները ՀՀ քթի տակ։
Այս առումով տագնապալի է թվում Ադրբեջանի նախագահի ամանորյա ելույթը, որում նա խոսում էր այն մասին, որ Ադրբեջանը ինքնաբավ երկիր է և կախված չէ որևէ մեկից։ Երկրում ձևավորված ուժեղ տնտեսությունն օգնելու է իրականացնել բազում ծրագրեր։ Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններն՝ բռնապետ Ալիևը կրկին հիշեցրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին և հավաստիացրել, որ անկախ Հայաստանի ցանկությունից`այդ միջանցքը բացվելու է։ Բացի այդ՝ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը փաստացի ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Ցավոք, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ալիևի չարաբաստիկ երազանքները կատարվում են։ Հարց է առաջանում` իսկ ինչ են անում հայրենի իշխանությունները, որպեսզի Հայաստանում մնացած հայերն ու Արցախում արդեն շրջափակման մեջ գտնվողները կարողանան իրենց ապահով զգալ։ Այս հարցին կարող էր պատասխանել ՀՀ վարչապետի ամանորյա ելույթը, որը, ընդհանուր առմամբ, հիասթափեցնող էր․
Գծապատկեր 1․ ՀՀ վարչապետի՝ 2023թ․-ի ամանորյա ուղերձի հիմնական ուղղությունները
Այս ելույթից էլ ավելի կարելի է համոզվել, որ Հայաստանը հայտնվել է խիստ վտանգավոր և պատային իրավիճակում, մինչդեռ հիմա շարունակվում են «փափուկ բարձ դնելու» օպերացիաները։
Վարչապետն իր ելույթում մեծամասամբ անդրադարձավ ՀՀ ներքին հարցերին։ Գովաբանեց իշխանությունների՝ 2022թ․-ին «հաջողված» տնտեսական քաղաքականությունը։ Անդրադարձ կատարվեց սոցիալական մի շարք հարցերին՝ վկայակոչելով ուսուցիչների, գիտնականների և այլ ոլորտներում աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին՝ մոռանալով աստղաբաշխական աշխատավարձերի աճն իշխանական բուրգում։ Խոսվեց շինարարական բումի մասին և այլն։
Լաչինի միջանցքի ապօրինի փակման մասով վարչապետն առանձնապես ոչինչ չասաց։ Չնայած այստեղ պետք է նաև ասել, որ Հայաստանն Արցախին տրամադրում է մեծ ֆինանսական և հումանիտար օգնություն։ Վերջինս չի կարելի անտեսել, սակայն գլխավոր հարցերը, որոնք վերաբերում են անվտանգությանը՝ մնացին բաց։ Ն․ Փաշինյանը խիստ քննադատություն հնչեցրեց Հայաստանին «դաշնակից» համարվող ՌԴ-ի և մյուսների հասցեին՝ նրանց մեղադրեկով անտաբերության մեջ։
Հակառակ դրան` Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն երկրներին, որոնք միլիոնավոր կիլոմետրերի հեռավորության վրա են գտնվում կոնֆլիկտից։ Այն պարագայում, երբ պետք է պատրաստվել հնարավոր պատերազմին, վարչապետը մարդկանց կոչ է անում կարդալ Ե․ Չարենցի և Հ․ Թումանյանի աշխատանքները։ Վերջիններս կարդալը յուրաքանչյուրիս պարտքն է, սակայն նրանցում առկա տողերի, մտքի և ազդեցության փոխանցումը տարիներ է պահանջում և երկարատև աշխատանք, ինչը ներկայիս Հայաստանի անվտանգային հարցերը չի լուծում։
Մեր համոզմամբ` Հայաստանը շարունակում է դիվանագիտական ասպարեզում լրջագույն կորուստներ կրել, որը սկսվել էր դեռևս վաղուց, իսկ հիմա շարունակում է խորանալ։
Այդ ինչպիսի՞ դիվանագիտություն է վարում Հայաստանը, որ ՌԴ-ն ավելի շատ իրեն դաշնակից է համարում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, այդ թվում և` Ադրբեջանին, որոնց մասով վարչապետը որևէ մեղադրանք չհնչեցրեց, իսկ Հայաստանը հայտնվել է լրիվ լուսանցքից դուրս վիճակում։
Ինչպես նշում է վարչապետը իր խոսքի վերջում, որտեղ սխալվում, սայթաքում կամ ձախողվում է, գուցե մեր երկրի հանդեպ ունեցած իր <<չափազանցված և նույնիսկ խելամտությունը ստվերող սիրո պատճառով է>>։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում