ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է 2023Թ.՝ ՉԼՈՒԾՎԱԾ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Ահա և ավարտին է մոտենում 2022թ․-ը։ Վերջինս Հայաստանի համար բավականին բարդ տարի էր։ Հայաստանի տնտեսությունն այս տարում անցավ մեծ փորձությունների միջով, սակայն կարողացավ պահպանել որոշակի հավասարակշռություն։ Որքանով կկարողանանք պահպանել այս վիճակը կայունության մեջ, կախված է երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունավետությունից։

Անկախ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից՝ երկրի ներսում վարվող տնտեսական քաղաքականությունը պետք է իրականացվի կատարյալ ճշգրտությամբ և գրագիտությամբ։ Հակառակ պարագայում մենք կբախվենք առավել բարդ իրավիճակների։

Իրականում Հայաստանի տնտեսությունը բացարձակ մեծ կախվածություն ունի տրանսֆերտներից, փոխարժեքից և ՌԴ տնտեսությունից։ Ինչպես նկատում ենք, այս բոլոր ցուցանիշները խիստ տատանողական են և ցանկացած պահի կարող են ցնցել մեր տնտեսությունը։ Անկախացումից անցել է 30 տարի, սակայն այս խնդիրները դեռևս շարունակում են հետապնդել Հայաստանին՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակներ մեր երկրի համար։ Առանց այդ էլ աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում և աշխարհում այնքան էլ բարենպաստ չէ մեզ համար։

Փաստացի 44-օրյա պատերազմի արդյունքով Հայաստանը մեծ կորուստներ է ունեցել, որի հետևանքները անխուսափելիորեն կրել և կրելու է նաև մեր տնտեսությունը: Սակայն միասնականությունը, համախմբումը և անձնական շահերից վեր գտնվող գաղափարների իրականացման ձգտումը պետք է հնարավորություն տան մեզ արմատական փոփոխություններ անել երկրում նույնիսկ այս պայմաններում։ Այս առումով նկատենք, որ ԱՄՀ-ի 2022թ․-ի հոկտեմբերյան կանխատեսումներով՝  Հայաստանի տնտեսությունը կհայտնվի մի իրավիճակում, որտեղ հինական մակրոտնտեսական ցուցանիշները գալիք տարում՝ 2023թ․-ին, իրենց դրսևորելու են հետևյալ կերպ․

Գծապատկեր 1․ ԱՄՀ-ի 2022թ․-ի հոկտեմբերյան կանխատեսումները 2023թ․-ի ՀՀ առանցքային մակրոտնտեսական ցուցանիշի վարքագծի վերաբերյալ

Փորձագետների կանխատեսումները փաստում են, որ ՀՀ տնտեսական աճը հաստատվելու է 3,5% մակարդակում։ Գնաճը տատանվելու է 7%-ի շրջանակներում, իսկ գործազրկության մակարդակը կազմելու է 15,1%։

Չնայած այս կանխատեսումներին՝ պետք է հասկանալ, որ մեր տարածաշրջանը կանգնած է լուրջ փոփոխությունների շեմին։ 2023թ․-ին Հայաստանի ուշադրության կենտրոնում պետք է լինեն մի քանի աշխարհաքաղաքական խնդիրներ, ինչպես նաև տնտեսության մի շարք առանցքային ցուցանիշների վարքագիծը։

Մասնավորապես, չենք կարող հաշվի չնստել այն փաստի հետ, որ, Թուրքիան և Ադրբեջանը, հրահրելով ահաբեկչական գործողություններ Հայաստանի և Արցախի նկատմամբ, չեն բավարարվելու ձեռք բերված ավարով և շարունակելու են պահանջել նոր զիջումներ։ Ցավալին այն է, որ այս ահաբեկչական գործողություններին լռությամբ հետևում են Հայաստանին դաշնակից համարվող պետությունները։ Այս իրավիճակում պետք է գործել չափազանց զգույշ։ Տնտեսությունում պետք է իրականացվեն արմատական ռեֆորմներ, որոնք թույլ կտան Հայաստանին ստեղծել առավել ամուր հիմքեր ապագա տնտեսության ձևավորման համար։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով