The Guardian թերթը հրապարակել է տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների 2022 թվականի վարկանիշը, որում հայտնվել են նրանք, ովքեր ամենաշատն են հիասթափեցրել լրագրողներին։ Հրապարակման համաձայն՝ իրենց ամենավատը դրսևորել են Theranos ընկերության հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսը և FTX կրիպտոարժույթի բորսայի գլխավոր տնօրեն Սեմ Բենքման-Ֆրիդը։
Ցուցակում ընդգրկված են նաև Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ով թողել է գործադիր տնօրենի պաշտոնը 2021 թվականի հուլիսին, և Twitter-ի նոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը, ով գնել է սոցիալական ցանցը 44 միլիարդ դոլարով։
Ցուկերբերգին անհաջող ղեկավար են համարել այս տարվա փետրվարին կորպորացիայի բաժնետոմսերի ռեկորդային անկման, ինչպես նաև մեկ օրում մոտ 11 հազար աշխատակցի աշխատանքից ազատելու որոշման պատճառով: Բեզոսը քննադատության է ենթարկվել Amazon-ում զանգվածային կրճատումների և բարեգործության միջոցով իր հանրային իմիջը բարելավելու փորձերի համար:
Իլոն Մասկը լրագրողների կողմից դատապարտվել է Twitter-ի ղեկավարի պաշտոնում արված բազմաթիվ գործողությունների՝ զանգվածային կրճատումների, նոր կանոնների ձևավորման, գրասենյակում աշխատելու պահանջի և շտաբում մահճակալների տեղադրման համար:
Ցուցակում է հայտնվել նաև Twitter-ի նախկին գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալը, որը գլխավորել է ընկերությունը մինչև Մասկը։ Լրագրողների կարծիքով, այն, որ Մասկին հաջողվել է ձեռք բերել ընկերությունը, ինչ-որ չափով նաև Ագրավալի ձախողումն է։ Այդ թվում այն պատճառով, որ մասնագետը զրկվել է պաշտոնից սոցցանցի գնման օրը։
Theranos-ն ի սկզբանե համարվում էր առաջադեմ բժշկական ստարտափ, իսկ Էլիզաբեթ Հոլմսը` «ապագա Սթիվ Ջոբս»: Սակայն հետաքննության ընթացքում պարզվեց, որ նա խարդախ է, ով մոլորեցրել է իր աշխատակիցներին և ընկերության բազմաթիվ հովանավորներին։ 2022 թվականին դա վերջնականապես հաստատվեց դատարանում։
Այս տարվա նոյեմբերին FTX կրիպտոարժույթի բորսան փլուզվեց, և միլիոնավոր հաճախորդներ ամբողջ աշխարհից կորցրին իրենց ակտիվները: Միևնույն ժամանակ, Սեմ Բենքման-Ֆրիդը շարունակում էր ելույթ ունենալ միջոցառումների ժամանակ և հավաստիացնել, որ կվերադարձնի գումարները: Մի քանի շաբաթ անց նրան ձերբակալեցին Բահամյան կղզիներում և արտահանձնեցին ԱՄՆ։ FTX-ի ղեկավարին մեղադրեցին ամերիկյան պատմության ամենամեծ ֆինանսական խարդախություններից մեկի մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում