Դեկտեմբերի 21-ին Եվրոպական միությունը ստորագրել է «Ներդրում կատարելու մասին համաձայնագիր»՝ (6,5 մլն եվրո) ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ՝ աջակցելու ՀՀ կառավարության սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանն ու արդիականացման ուղղված ջանքերին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ հաջորդ չորս տարիների ընթացքում ծրագրի շրջանակում կիրականացվեն աշխատանքներ ցնցումների արձագանքմանն ուղղված ազգային ռազմավարությունների մշակման, տվյալների համակարգերի արդիականացման, սոցիալական ծառայության աշխատուժի կարողությունների զարգացման և պիլոտային ՍՊ ծրագրերի ուղղությամբ։ Այս նախաձեռնության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես հակամարտության ազդակիր մարզերը և սահմանամերձ համայնքները Սյունիքում, Գեղարքունիքում և Շիրակում: Ծրագրի արդյունքում Հայաստանում կամրապնդվի սոցիալական պաշտպանության ոլորտը՝ աջակցելու խոցելի խմբերին և բարելավելու ցնցումներին և ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է ունեցել կողմերի հետ․ քննարկվել են համագործակցությանը վերաբերող մանրամասները։