Եվրոպան ձգտում է անցում կատարել էկոլոգիապես մաքուր վառելիքի։ Դա երևում է ոչ միայն ավտոմեքենաների մասով, այլ նաև ինքնաթիռների դեպքում։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի կառավարության ռազմավարության համաձայն, թագավորությունում ռեակտիվ վառելիքի նվազագույնը 10%-ը պետք է փոխարինվի էկոլոգիապես մաքուր վառելիքով` մինչև 2030 թ.-ը։
Մասնավորապես, «Jet Zero» ռազմավարության շրջանակներում փորձ է արվելու հասնել նրան, որ էապես կրճատվի ավիացիայի բացասական ազդեցությունն օդի աղտոտվածության վրա։ Բացի այդ՝ ռազմավարության նպատակն է էկոլոգիապես մաքուր վառելիքի ստեղծումը և դրա գնի նվազեցումը։ Այս առումով ՄԲ-ի կառավարությունը ֆինանսավորելու է «Virgin Atlantic» ավիաընկերության առաջին կոմերցիոն թռիչքը Լոնդոնից Նյու Յորք, որի պարագայում ինքնաթիռը օգտագործելու է բիովառելիք, որի հիմքում բուսական յուղն է։ Թռիչքը տեղի է ունենալու 2023 թ.-ին։
Նկատենք, որ այլընտրանքային՝ էկոլոգիապես մաքուր, վառելիքի օգտագործումը չի պահանջում ինքնաթիռներում օգտագործվող «Rolls-Royce Trent 1000» շարժիչների կատարելագործում։
Էկոլոգիապես մաքուր վառելիքով թռիչքները ԱՄՆ-ի և ՄԲ-ի խոշոր քաղաքների միջև իրականացվելու են յուրաքանչյուր շաբաթ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում