ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀՀ ՆԵՐՍՈՒՄ, ԹԵ՞ ԴՐՍՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հայաստանում տեղի են ունենում ավանդույթների փոփոխություններ: Դեռևս տարիներ առաջ հայերը սիրում էին նշել Նոր Տարին հարազատների հետ միասին: Հիշում ենք, որ փոխադարձ տներ այցելություններ էին լինում: Տան կանայք պատրաստում էին տարատեսակ ուտեստներ և այլն: Սակայն, ներկայումս այս իրավիճակը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում: Նախ և առաջ մարդիկ սեղանները պատրաստում են չափազանց համեստ կերպով, իսկ նրանք ովքեր ընդհանրապես չեն ցանկանում հյուր ընդունեն հիմնականում աշխատում են գնալ ինչ-որ այլ տեղեր Նոր Տարին դիմավորելու համար:

Այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների գների փոփոխությունը, որն էական դերակատարում է ունենում հայաստանցիների ամանորյա որոշումների վրա.

Գծապատկեր 1. Հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների գների փոփոխությունը 2022 թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ

Վիճակագրական տվյալները փաստում են, որ հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների գների աճը 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նոյեմբերի համեմատ կազմել է 18.3 %: Այս ցուցանիշը բավականին մոտ է հունվարի ցուցանիշին: 

Ընդ որում՝ կարևոր հանգամանք է, թե երկրի ներսում ես անցկացնում հանգիստդ, թե՝ դրսում.

Գծապատկեր 2. Երկրի ներսում հանգստի կազմակերպման ծառայությունների գների փոփոխությունը 2022 թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրի ներսում հանգստի կազմակերպման ծառայությունների գների փոփոխությունը այդքան մեծ չէ: Մասնավորապես, 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նոյեմբերի համեմատ երկրի ներսում հանգստի կազմակերպման ծառայությունների գները աճել են 5.4 %-ով: Նույնիսկ նկատում ենք, որ 2022 թ․-ի մայիսին 2021 թ․-ի մայիսի համեմատ գնաճը կազմել է ընդամենը 1.5 %:

Այլ պատկեր է, երբ հայրենակիցները որոշում են կայացնում հանգիստն անցկացնել արտերկրում, այն էլ ներկայիս չափազանց լարված իրավիճակում.

Գծապատկեր 3. Երկրից դուրս հանգստի կազմակերպման ծառայությունների գների փոփոխությունը 2022 թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ

Ինչպես երևում է Գծապատկեր 3-ում, երկրից դուրս հանգստի կազմակերպման ծառայությունների գների աճը 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նոյեմբերի համեմատ կազմել է 20.4 %: Նկատենք, որ 2022 թ․-ի սեպտեմբերին 2021 թ․-ի սեպտեմբերի համեմատ ծառայությունների գների աճը կազմել է նույնիսկ 32.7 %, իսկ 2022 թ․-ի հունվարին 2021 թ․-ի հունվարի համեմատ՝ 18.7 %:

Կիսվեք այս հոդվածով