«Ժողովուրդ». «Գլոբբինգ»-ը տուգանվել է 61 մլն դրամով

2 Min Read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բեռնափոխադրումներով զբաղվող «Գլոբբինգ» ընկերությունից վերջին շրջանում քաղաքացիները սկսել են շատ դժգոհել, եւ խաբեության մակարդակն այնքան է բարձրացել, որ նրանցով զբաղվում են պետական մարմինները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն արդեն հասցրել է տուգանվել ավելի քան 61 մլն դրամի չափով:

Տեղեկացանք, որ քաղաքացիներից մեկը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ հայտնել է, որ ընկերությունն ԱՄՆ-ից ՀՀ օդային առաքման ժամկետ է սահմանել 3-6 աշխատանքային օր եւ չի տրամադրել որեւէ հղում, որ առաքման ժամկետները կարող են զգալի տարբերվել: Մեկ այլ քաղաքացի էլ ներկայացրել է, որ ընկերությունն իր կայքում ԱՄՆ-ից ՀՀ օդային առաքման ժամկետ նշել է 3-4 աշխատանքային օր, որը հետագայում զանգվածային ուշացումների արդյունքում փոխել է 3-9 աշխատանքային օր առաքման ժամկետով:

Քաղաքացին պնդում է, որ նույնիսկ այդ պարագայում, ըստ տրամադրած նախնական տեղեկության, ծանրոցը հասանելի է եղել 25 օրում: Ու պարզվում է, այս դեպքը եզակի չէ եւ կրում է զանգավածային բնույթ, իսկ ընկերությունը հրաժարվում է որեւէ կերպով հատուցումից՝ ծանրոցների վերաբերյալ տալով իրարամերժ պատասխաններ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացիներից մեկն էլ հաղորդում է ներկայացրել հետեւյալի մասին. ընկերությունը կայքում նշում է, որ ԱՄՆ-ից ՀՀ «Էքսպրես» առաքումը կատարում է 3-9 աշխատանքային օրում, մինչդեռ տվյալ քաղաքացու ծանրոցը, որը 2022 թվականի հուլիսի 16-ին առաքվել է ընկերության ԱՄՆ պահեստ, մինչեւ օգոստոսի 10-ը դեռ չի հասել ՀՀ:

Նշենք, որ Հանձնաժողովը վարույթը հարուցել է ընկերության կողմից ԱՄՆ-ից ՀՀ օդային եւ ծովային առաքումների ծառայությունների համար գործնականից տարբերվող ժամկետ հայտարարելու միջոցով հասարակության մոլորեցման դրսեւորումներով անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերեւույթ առկայության հիմքով: Ըստ ընկերության հիմնավորման՝ իրենցից անկախ պատճառներով առանձին դեպքերում այդ ժամկետները չեն պահպանվում»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Share This Article
11 Comments