ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 14-ին կայացել է գյուղատնտեսության ոլորտի 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերի հանրային քննարկում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկումը վարել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմինե Խառատյանը, շահագռգիռ ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ։
Իր ներածական խոսքում Արման Խոջոյանն ընդգծել է նախարարության բյուջետային հայտերի կազմման գործընթացում հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության, նրանց հետ մասնագիտական քննարկումների կազմակերպման ու կարծիքների փոխանակման անհրաժեշտությունը։
Այնուհետև հանդիպման մասնակիցներին համառոտ ներկայացվել են բյուջետային հայտերի նախագծերը, որոնց վերաբերյալ հնչել են մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ հողային բարեփոխումների, պարենային արտադրանքի ինքնաբավության բարձրացման, ջրային ռեսուրսների խնայողության, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, տեղական սերմնարտադրության զարգացման, անասնաբուծության ոլորտում կենդանիների հաշվառման և համարակալման, ինչպես նաև անասնաբուժական միջոցառումների արդյունավետ կազմակերպման և այլ խնդիրների վերաբերյալ։
Քննարկման ավարտին նշվել է, որ ներկայացված դիտարկումները և առաջարկները հաշվի կառնվեն համապատասխան հայտերի լրամշակման փուլում:
Ագրոպարենային համակարգի զարգացման քաղաքականության մեջ որպես հիմնական գերակայություններ դրված են գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացումը, բնակլիմայական ռիսկերի մեղմումն ու տնտեսավարողների եկամուտների ավելացումը:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկման արձանագրություն
Նախարարության համակարգման շրջանակում գտնվող տնտեսության ոլորտների, ներառյալ զբոսաշրջությունը, 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի ապրիլի 15-ին նախատեսված քննարկումը չի կայացել, քանի որ հասարակական կազմակերպությունների կողմից քննարկմանը մասնակցության համար դիմումներ չեն ներկայացվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում