ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 2022Թ․-ԻՆ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակներ մեր պետության անվտանգության համար: Հարևան երկրներում դիտվում է բնակչության շարունակական աճ: Այն պարագայում, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվում, Հայաստանում բնակչության թվաքանակի նվազումը խիստ մտահոգիչ է:

Մարդիկ փախչում են սեփական երկրից տարբեր շարժառիթներից ելնելով՝ ընտանիքների վերամիավորում, աշխատանք, կրթություն, բուժում և այլն: Ցավոք, այս գործընթացը սկսվել է դեռևս 90-ական թվականներին: Արտագաղթը կարծես ա դարձել է քրոնիկ երևույթ Հայաստանի համար: Արտագաղթի այս ալիքները հսկայական վնաս են հասցնում մեր տնտեսությանը, նրա պոտենցիալ հնարավորություններին:
Ներկայումս իրավիճակը մի փոքր փոխվել է, սակայն միտումը դեռևս պահպանվում է.

Գծապատկեր 1. Հայաստանի բնակչության թվաքանակը 2022թ․-ին

ՀՀ բնակչության թվաքանակը 2022թ․-ին կազմելու է 2,961.4 հզր մարդ: Վերջինս 2021թ․-ի համեմատ նվազել է 1,900 մարդով: Քաղաքային և գյուղական բնակչության հարաբերակցությունը կազմել է 64%/36%: ՀՀ քաղաքային բնակչության թվաքանակը նվազել է 3,400 մարդով, իսկ գյուղական բնակչության թվաքանակը ավելացել է 1,500 մարդով:
Բնակչության թվաքանակը ՀՀ մարզերում և Երևանում կարող ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերում.

Գծապատկեր 2. Բնակչության թվաքանակը Երևանում և ՀՀ մարզերում 2022թ․-ին

ՎԿ տվյալների համաձայն՝ Երևանում է բնակվում ՀՀ ամբողջ բնակչության 37%-ը, իսկ մարզերում՝ 63%-ը: Երևանի բնակչության թվաքանակը 2022թ․-ին, 2021թ․-ի համեմատ, աճել է 1,100 մարդով: Մարզերում բնակչության թվաքանակի զգալի անկումներ 2022թ․-ին, 2021թ․-ի համեմատ, դիտվել են Սյունիքում՝ 1,100 մարդով, Լոռիում՝ 900 մարդով, և Տավուշում՝ 800 մարդով: Բնակչության թվաքանակի զգալի աճ է արձանագրվել Գեղարքունիքում և Արմավիրում համապատասխանաբար 500 և 400 մարդով: Բնակչության թվաքանակի փոփոխություն չի դիտվել Արարատի մարզում:

Կիսվեք այս հոդվածով