Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարարները
ներկայացրել են ըստ ոլորտների կատարված աշխատանքները։

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի մասով զեկուցվել է, որ ընթացիկ տարում մեկնարկել և շարունակվում է
3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության ծրագիրը (մինչև երեխայի
6 տարեկան լրանալը), շարունակվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը։
2023թ. հունվարի 1-ից մինչև
2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին. աշխատանքի վերադառնալիս ևս վճարում կկատարվի նպաստի
85 տոկոսի չափով՝ ներկայիս դադարելու փոխարեն։ Մշակվում է Ժողովրդագրության ռազմավարությունը, որը կներկայացվի
2023թ. փետրվարին։

Կենսաթոշակային ապահովության ոլորտում աճում է անկանխիկ շրջանառության ծավալը․ կենսաթոշակների շուրջ
77 տոկոսը վճարվում է անկանխիկ եղանակով։
2023 թ.-ից՝
1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում, իսկ
2024 թ.-ից՝ բոլորը (բացառությամբ
75 տարեկանից բարձր և հաշմանդամության
1-ին կամ
2-րդ խումբ ունեցողների), կենսաթոշակը կստանան անկանխիկ եղանակով:
2022թ. միջին կենսաթոշակը
43.500 ՀՀ դրամից դարձել է
46.200, նվազագույնը՝
26.500 ՀՀ դրամից ՝ 31.600։ Մեկնարկել է կենսաթոշակի և նպաստի
10 տոկոս հետվճարի միջոցառումը. կենսաթոշակային քարտեր սպասարկող
4 բանկ միացել է նախաձեռնությանը, որոնց ծածկույթը անկանխիկ վճարումներում կազմում է ավելի քան
60 տոկոս։ Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ շուրջ
60.000 շահառու իր կենսաթոշակից (նպաստից) ծախսերի
66 տոկոսը կատարում է անկանխիկ։

Սոցիալական երաշխիքների ոլորտում՝ մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի խմբագրված նախագիծը, որը թույլ կտա հասցեական արձագանքել կարիքներին և ընդլայնել ծառայությունների տեսակները։ Աղքատության փուլային հաղթահարման նպատակով շուրջ
300 շահառու (յուրաքանչյուրը) ստացել է մինչև
1.6 մլն ՀՀ դրամ բիզնես դրամաշնորհ, գործարկվել են սոցիալական շտապօգնության մեխանիզմների և սննդային քարտերի տրամադրման պիլոտային ծրագրերը։ Մշակվել են անապահովության գնահատման նոր բանաձևը և հայեցակարգի նախագիծը:

Աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում՝
2023թ. հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձը՝
68.000 ՀՀ դրամի փոխարեն այն կկազմի
75.000 ՀՀ դրամ։ Ընթացքի մեջ են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները. նախատեսվում է
266 հոդվածից փոփոխել 125-ը։ Հաջորդ տարում նախատեսվում է շրջանառել զբաղվածության ռազմավարությունը։
2022թ. սեզոնային զբաղվածության ապահովման ծրագրից օգտվել է
1179 քաղաքացի, արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռքբերման և վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցառումից՝
326 անձ, 2016թ. և
2020թ. ռազմական գործողությունների մասնակիցների զբաղվածության ապահովման ծրագրից՝
276 անձ։

Ընթացիկ տարում շարունակվել է սոցիալական ծառայությունների տրամադրումը խոցելի խմբերին՝ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց։ Առաջիկայում նախատեսվում է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդնում, որը թույլ կտա իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում և տրամադրել անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ:
Հաշվետվության ներկայացումից հետո քննարկում է ծավալվել ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, զբաղվածության, սոցիալական խնամքի ծառայությունների, նաև մյուս ուղղություններով ընթացիկ արդյունքների ու հետագա անելիքների շուրջ: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում