Բջջային հեռախոսները, նոթբուքները և խելացի ժամացույցները դարձել են մեր կյանքի ուղեկիցները, որոնցից մենք առօրյայում ոչ մի կերպ չենք ուզում բաժանվել։ Սակայն, երբ այս գաջեթները խափանվում են կամ խանութներում հայտնվում են դրանց նոր մոդելները, մենք միանգամից ազատվում ենք մեր սիրելիներից՝ ստեղծելով էլեկտրոնային թափոններ, որոնց ծավալներն օր օրի աճում են։
Այս խնդիրը լուծելու նպատակով Չիկագոյի համալսարանի գիտնականները դիմել են բավականին հետաքրքիր քայլի։ Հետազոտողները որոշել են կենդանացնել խելացի սարքավորումները, որպեսզի հասկանան այդ պարագայում ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունքը տեխնիկայի նկատմամբ։ Այդ նպատակով խելացի ժամացույցին գիտնականներն ամրացրել են լորձային բորբոսասնկեր (Physarum polycephalum), որը շարունակում է աշխատել քանի դեռ լորձային բորբոսասնկերը ողջ են։ Հաճախորդը բորբոսասնկերին պետք է պարբերաբար կերակրի, ինչի արդյունքում այս միաբջիջ միկրոօրգանիզմները էլեկտրական լիցքեր են հաղորդում խելացի ժամացույցին, որի վրա սկսում է աշխատել սրտի զարկերի մոնիտորը։
Այս փորձերին մասնակից են եղել բազմաթիվ մարդիկ, ովքեր որոշ ժամանակահատվածում հոգ են տարել բորբոսասնկերի մասին։ Արդյունքում՝ գիտնականները պարզել են, որ երբ մարդիկ հոգ են տարել իրենց կենդանի ժամացույցների մասին, ավելի ամուր կապեր են ձևավորվել նրանց միջև։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում