ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Ծառայությունների ոլորտը շարունակում է մեծ թափով զարգանալ: Նոր տեխնոլոգիաներն է՛լ ավելի են մեծացնում մատուցվող ծառայությունների տեսականին և ծավալները՝ նպաստելով ոլորտում աշխատատեղերի ընդլայնմանը և շրջանառության ավելացմանը: Միայն 2022 թ.-ի հոկտեմբեր ամսին ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է մոտ 250,024 մլն դրամ, որը 34.9 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: Նկատենք, որ ծառայությունների ծավալը 2022 թ.-ի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել է 4.4 %-ով:

Ծառայությունների ծավալին եռամսյակային կտրվածքով կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում.

Գծապատկեր 1. Ծառայությունների ծավալները՝ 2022 թ.-ի եռամսյակային կտրվածքով

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թ.-ի երրորդ եռամսյակում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 690,961 մլն դրամ: Վերջինս նախորդ եռամսյակի համեմատ աճել է 6.1 %-ով, իսկ նախորդ տարվա մյուս եռամսյակի համեմատ՝ 27.4 %-ով:

Ընդհանուր առմամբ 2022 թ.-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալները կազմել են 2,074,314 մլն դրամ: Վերջինս 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 28 %-ով:
2022 թ.-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալներում զգալի տեսակարար կշիռ են ունեցել հետևյալ ոլորտները.

Գծապատկեր 2. Մատուցված ծառայությունների ծավալներում նշանակալի մասնաբաժիններ ունեցող ոլորտները՝ 2022թ-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում

Կարելի է փաստել, որ երկրի տնտեսության զգալի մասը գտնվում է ֆինանսական և ապահովագրական գործունեություն ծավալող կազմակերպությունների ձեռքում: Այս ոլորտներում մատուցված ծառայությունների ծավալները կազմում են ընդհանուր ծառայությունների ծավալների մոտ 31 %-ը: Ոլորտում արձանագրվել է նաև ծառայությունների ծավալների զգալի աճ: Մասնավորապես, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում 2022 թ․-ի հունվար-հոկտեմբերին մատուցված ծառայությունների ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են  49 %-ով: Ծառայությունների ծավալի մեծ մասնաբաժին ունեն տեղեկատվություն և կապ՝ 17.5 %, և տրանսպորտ՝ 12.6 % ոլորտները, որտեղ ծառայությունների ծավալները 2022 թ․-ի հունվար-հոկտեմբերին, 2021 թ․-ի հունվար-հոկտեմբերի համեմատ,  համապատասխանաբար աճել են 38.3 %-ով և 36.8 %-ով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով