Աշխարհում իրավիճակը խիստ մտահոգիչ է: Քարտեզի վրա չենք կարող գտնել մի երկիր, որ այս կամ այն չափով ներգրավված չլինի ինչ-որ կոնֆլիկտի մեջ՝ տնտեսական, թվային, ռազմական, տեղեկատվական և այլն: Այս ամենի արդյունքում բազմաթիվ մարդիկ են զոհվում: Իրավիճակը վատթարանում է նաև աշխարհում տարածվող տարբեր հիվանդությունների հետևանքով, որոնք էապես ընկճախտի մեջ են գցում մարդկությանը: Պարզ է դառնում, որ աշխարհը մոտենում է մի կետի, որից հետո կարող ենք հայտնվել առաջին և երկրորդ աշխարհամարտերի նման գլոբալ հակամարտության կամ երրորդ աշխարհամարտի մեջ:
Այս մթնոլորտում աշխարհի տարբեր երկրներում հարցումներ են կատարվել, այն մասին, թե մարդիկ ինչ են մտածում գլոբալ հնարավոր հակամարտության մասին: Արդյունքները բավականին մտահոգիչ են.
Գծապատկեր 1. Գլոբալ մտահոգությունները հնարավոր համաշխարհային հակամարտության վերաբերյալ
Իրավիճակի վատթարացման մասին են վկայում մարդկանց կարծիքները, որոնց մեծ մասը հակված է ենթադրելու, որ Երրորդ աշխարհամարտի հավանականությունը չափազանց մեծ է: Նկատենք, որ ամերիկացիների և չինացիների զգալի մասը կարծում է, որ Երրորդ աշխարհամարտի հիմնական մասնակիցներն են լինելու Չինաստանը և ԱՄՆ-ն: Հետաքրքիր է, որ ամերիկացիների 76 %-ը կարծում է, որ Երրորդ աշխարհամարտի հավանականությունը չափազանց մեծ է, իսկ չինացիները ավելի լավատես են: Չինացիների միայն 64 %-ն է կարծում, որ հավանական է Երրորդ աշխարհամարտ:
Իրավիճակը նաև բարդանում է այն հանգամանքով, որ գլոբալ կոնֆլիկտի հնարավորության բարձր հավանականությանը զուգահեռ մարդիկ կարծում են, որ անհրաժեշտ է մեծացնել ռազմական ծախսերը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Երրորդ աշխարհամարտի մեծ հավանականություն են տեսնում ավստրալացիների 81 %-ը, իռլանդացիների, մեքսիկացիների և պերուացիների՝ 80 %-ը: Լավատեսական տրամադրություններ են առկա Ճապոնիայում, Շվեդիայում և Ինդոնեզիայում, որտեղ բնակչության համապատասխանաբար 51 %-ը, 60 %-ը և 63 %-ն են հավատում Երրորդ աշխարհամարտի բռնկմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում