Աշխարհը շարունակում է մասսայական ինքնասպանությունը։ Վերջինս իրականացվում է առողջությունը ինքնակամ վնասելու ճանապարհով։ Առաջին հերթին առողջության վրա բացասաբար են անդրադառնում վատ սովորությունները, որոնց արմատները դրվել են դեռ վաղ ժամանակներից։ Այդ սովորություններից մեկը ծխելն է՝ մի քանի րոպեի անհասկանալի հաճույք, որը հարվածի տակ է դնում սեփական կյանքը։
Համաշխարհային ինքնասպանության արհավիրքի ծավալները փոքրացնելու նպատակով վերջին ժամանակներում պետությունները դիմեցին մարքեթինգային տարբեր հնարքների։ Որոշ տեղեր արգելեցին ծխախոտի գովազդը, մեկ այլ տեղերում բարձրացրեցին ծխախոտի գները, մի շարք երկրներում էլ ծխախոտի տուփերին պատկերվեցին ծխախոտից ախտահարված մարդու տարբեր օրգանների զարհուրելի նկարներ։ Չնայած պայքարի բոլոր միջոցներին՝ դեռևս վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020 թ․-ին աշխարհում յուրաքանչյուր 4 մարդուց մեկը համարվել է ծխող։ Այստեղ կարևոր չէ մարդը ծխում է առիթից-առիթ, մեկ անգամ, թե ամբողջությամբ տարված է այս չարիքով։
Սակայն, հետաքրքիր է պարզել՝ աշխարհում ծխողների ինչ հարաբերակցություն կա կանանց և տղամարդկանց միջև։ Սկսենք այն երկրներից, որտեղ ծխողների թվաքանակը էական քիչ է․
Գծապատկեր 1․ Ծխող կանանց և տղամարդկանց թվաքանակով նվազագույն մակարդակներ արձանագրած երկրները՝ 2020 թ․-ի դրությամբ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Նիգերիայի և Գանայի կանանց մեջ ծխողներ չկան, իսկ տղամարդկանց միայն 7 %-ն է ծխում։ Եթովպիայում ծխում են կանանց 1 % և տղամարդկանց 9 %։ Ընդհանրապես, աշխարհում չկա մի երկիր, որտեղ տղամարդիկ չծխեն։
Կան երկրներ, որտեղ ծխող կանանց թվաքանակն առավելագույն մակարդակում է, սակայն տղամարդիկ ևս հետ չեն մնում․
Գծապատկեր 2․ Երկրներ, որտեղ ծխող կանանց և տղամարդկանց մասնաբաժինները չափազանց մոտ են իրար 2020 թ․-ի դրությամբ
Աշխարհում ամենաշատ ծխող կանայք ապրում են Նաուրույում՝ 49 %, սակայն կանանց չեն զիջում նաև տղամարդիկ՝ 47 %։ Ծխող կանանց թվաքանակով աչքի է ընկնում Ֆրանսիան, որտեղ ծխում են կանանց 32 %-ը և տղամարդկանց՝ 35 %-ը։
Այս շարքում առանձնանում է Իսպանիան, որտեղ ծխում են կանանց 27 %-ը և տղամարդկանց՝ 29 %։
Դիտարկենք նաև այն երկրները, որտեղ ծխող տղամարդկանց թվաքանակը գերազանցում է 50 %-ը․
Գծապատկեր 3․ Երկրներ, որտեղ ծխող տղամարդկանց մասնաբաժինը գերազանցում է 50 %-ը 2020 թ․-ի դրությամբ
Պարզվում է՝ Ինդոնեզիայի տղամարդկանց 71 %-ը ծխում է, իսկ կանանց պարագայում ընդամենը՝ 4 %-ը։
Երկրորդ հորիզոնականում է Բիրման, որտեղ ծխում է տղամարդկանց 68 %-ը և կանանց՝ 20 %։
Երրորդ հորիզոնականում է Բանգլադեշը, որտեղ ծխում է տղամարդկանց 52 %-ը և կանանց՝ 17 %-ը։