Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը վաճառել է ընկերության 22 միլիոն բաժնետոմս՝ 3,6 միլիարդ դոլարի չափով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովի (SEC) տվյալները։
SEC-ի կայքի տվյալներից երևում է, որ գործարարը բաժնետոմսերը վաճառել է երկուշաբթի օրվանից․ դրանց գինը՝ մեկ բաժնետոմսի համար տատանվել է 156-176 դոլարի սահմաններում։
Նշենք, որ նոյեմբերի սկզբից բորսայում Tesla-ի արժեթղթերի գինը զգալիորեն նվազել է՝ մեկ բաժնետոմսի դիմաց 227 դոլարից հասնելով 156 դոլարի։ Ինչպես նշում է Reuters-ը, ներդրողները մտավախություն ունեն, որ Twitter-ի գնման պատճառով սեփականատերը բավարար ուշադրություն չի դարձնում էլեկտրական մեքենաների ոլորտում իր բիզնեսին, մինչդեռ մրցակցությունն այս հատվածում աճում է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ի նախօրեին Մասկը Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում կրկին զիջեց առաջին տեղը LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոյին և նրա ընտանիքին։ Այժմ Մասկի կարողությունը կազմում է՝ 161 մլրդ դոլար, մինչդեռ Առնոյի և նրա ընտանիքինը 172 մլրդ դոլար է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում