ԳՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ 2022 Թ․-Ի ՆՈՅԵՄԲԵՐԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Կարծես Հայաստանում նկատվում է գների նվազման միտում: Արդեն երկու իրար հաջորդող ամիսներին դիտվում է գնաճի տեմպերի դանդաղեցում, որը երկարաժամկետում պահպանվելու պարագայում դրական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության տարբեր ոլորտների վրա: Գնաճի մակարդակի նվազման մասին տեղեկանում ենք ՎԿ տվյալներից: Արդեն  հրապարակվել է 2022 թ․-ի նոյեմբերին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը:

2022 թ․-ի նոյեմբերին գների մակարդակի փոփոխությունը, 2021 թ․-ի նույն ամսվա և 2022 թ․-ի հոկտեմբերի նկատմամբ, կարող ենք վերլուծել հետևյալ գծապատկերի միջոցով.

Գծապատկեր 1. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը` 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նոյեմբերի և 2022 թ․-ի հոկտեմբերի համեմատ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թ․-ի նոյեմբերին, 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ, գներն աճել են 8,8 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1,1 %-ով։ Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2022 թ․-ի նոյեմբերին` 2021 թ․-ի նոյեմբերի և 2022 թ․-ի հոկտեմբերի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.

Գծապատկեր 2. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2022 թ․-ի հոկտեմբերին` 2021 թ․-ի հոկտեմբերի և 2022 թ․-ի սեպտեմբերի համեմատ ըստ հիմնական ապրանքախմբերի

Գծապատկեր 2-ից հետևում է, որ 2022 թ․-ի նոյեմբերին, 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 11,1 %, իսկ 2022 թ․-ի հոկտեմբերի համեմատ՝ 2,4 %։ 2022 թ․-ի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը տնային գործունեության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում կազմել է 12.4 %, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 1,3 %։ 2022 թ․-ի նոյեմբերին, 2021 թ․-ի նոյեմբերի համեմատ, գների զգալի աճ է առկա հանգստի և մշակույթի մասով՝ 10.6 %։ Միևնույն ժամանակ նկատենք, որ հանգստի և մշակույթի ոլորտում գների անկումը 2022 թ․-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կազմել է -0,5 %։

Նկատելի է գնաճը ռեստորանների և հյուրանոցների ոլորտում. 2022 թ․-ի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա  համեմատ, գներն աճել են 8.9 %-ով, իսկ հոկտեմբերի համեմատ առկա է եղել գների աճ 0,5 %-ով:

2022 թ․-ի նոյեմբերին, 2021 թ․-ի նոյեմբերի համեմատ, նվազագույն գնաճ է արձանագրվել կապի ոլորտում՝ 0,6 %-ով։ 2022 թ․-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, կապի ոլորտում գների փոփոխություն չի արձանագրվել։    

Կիսվեք այս հոդվածով