Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով

2 Min Read

2022թ. դեկտեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.75%:

2022թ. նոյեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 8.8%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 9.9%:

Համաշխարհային տնտեսությունում տնտեսական ակտիվության դանդաղման միտումները շարունակվում են: Այնուամենայնիվ, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ընդլայնված պահանջարկից և բարձր գնաճային սպասումներից ածանցվող գնաճային միջավայրը դեռևս պահպանվում է: Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում ևս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Գործընկեր երկրներում դրամավարկային պայմանների հետևողական խստացումը կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցությունների թուլացում:

2022թ-ի չորրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են: Տնտեսական աճին շարունակում է էականորեն նպաստել ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը: Միևնույն ժամանակ, դիտվում է արտահանման և ՀՆԱ ներուժի ավելացում ծառայությունների և արդյունաբերության ճյուղերում: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման, ինչպես նաև արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների արդյունքում ներմուծվող պարենային ապրանքների գների աճը որոշակիորեն դանդաղում է: Վերջինս նպաստում է գնաճային միջավայրի մեղմմանը: Այնուամենայնիվ, պահպանվող բարձր պահանջարկի և բարձր գնաճային սպասումների ազդեցությունը դեռևս շարունակում է էական նշանակություն ունենալ գնաճի վարքագծում:

Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2022թ. դեկտեմբերի 27-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2022 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):

Share This Article
1 Comment