ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում միության երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ շփոթել է Ռուսաստանն ու Ուկրաինան և հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին՝ «Ուկրաինային աջակցելու համար», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուրբաթ երեկոյան երկար զրույց ունեցա Իրանի արտգործնախարարի հետ։ Խոսեցի մահապատժի մասին, մտահոգություն հայտնեցի այս հարցի վերաբերյալ։ Խոսեցի նաև ԵՄ պատժամիջոցների մասին, որոնք կսահմանվեն Իրանի դեմ՝ հումանիտար պատճառներով, ինչպես նաև Ուկրաինային իրանական աջակցության պատճառով»,- լրագրողներին ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ Իրանը պնդում է, որ հակամարտության սկսվելուց հետո իրանական անօդաչու սարքեր չի մատակարարել Ռուսաստանին, և որ «չի ծրագրում հրթիռներ մատակարարել Ռուսաստանին»։ Բորելն ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը «ծայրահեղ կոշտ» է լինելու:
Արևմտյան երկրները պնդում են, որ Իրանը, իբր, ներկայումս անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Սակայն Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու սարքեր՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում