Meta-ի աշխատակիցները դժգոհում են Ցուկերբերգի «մոլուցքից», որը կարող է ոչնչացնել ընկերությունը

1 Min Read

Meta-ի աշխատակիցները՝ անանուն Blind ֆորումում, զանգվածաբար բողոքում են ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգից։ Գրում է Business Insider պորտալը։ Դժգոհ ակնարկների մի մասը կապված է կրճատումների և «մշուշոտ ապագայի» հետ, իսկ մյուս մասում մեղադրում են գործադիր տնօրենին մետավերսի հետ կապված «մոլուցքի» համար, որը ոչ մի լավ բան չի բերի ընկերությանը:

«Մետավերսը կհանգեցնի մեր դանդաղ մահվան», – հայտարարել է անանուն օգտատերը, որը ներկայացել է որպես Meta-ի ծրագրային ապահովման ավագ ինժեներ: «Մարկ Ցուկերբերգը միայնակ կսպանի ընկերությունը՝ մետավերսի օգնությամբ», – համաձայնել են այլ հեղինակներ: Meta-ի մեկ այլ ինժեներ ասել է, որ Ցուկերբերգը «ընկերությունը սխալ ուղղությամբ է տանում»:

Մետավերսը նկարագրվում է որպես վիրտուալ միջավայրերի ցանց, որոնք միշտ ակտիվ են: Այս միջավայրում շատ մարդիկ կարող են փոխազդել միմյանց հետ, ինչպես նաև թվային օբյեկտների հետ աշխատելիս՝ օգտագործելով իրենց վիրտուալ պատկերները (ավատարներ): Մետատիեզերքների ստեղծման գլխավոր ջատագովներից մեկը Meta ընկերությունն է։ Հայտնի է, որ Apple-ը նույնպես հետաքրքրված է այս տեխնոլոգիաներով և պատրաստվում է թողարկել սեփական VR/AR սաղավարտը, որը կարող է լույս տեսնել արդեն 2023 թվականին։

 

Կիսվեք այս հոդվածով