Հայաստանում աշխատավարձերը շարունակում են չափազանց ցածր մնալ։ Հետաքրքիրն այն է, որ տնտեսության տարօրինակ աճերին զուգահեռ` հասարակ քաղաքացիների աշխատավարձերի աճերն այդքան մեծ չեն, որպեսզի նկատվի բարեկեցության էական փոփոխություն։
Իհարկե, դիտվում են աճեր, սակայն դրանք չեն վերաբերում իրական աշխատավարձերին, որոնց մեծության վրա էական ազդեցություն է ունենում գնաճը։
Բացի այդ, նկատվում է բարձրաստիճան պաշտոնյաների` առանց այդ էլ բարձր աշխատավարձերի է’լ ավելի բարձրացում։
Նկատենք, որ 2023թ․-ի հունվարի 1-ից հանրապետությունում նվազագույն աշխատավարձը բարձրանալու է մոտ 10,3%-ով կամ 7,000 դրամով՝ կազմելով «անհավանական» 75,000 դրամ։ Պատկերացրեք` ինչ «հեղափոխական» բարեկեցության աճ կարող է արձանագրել այն անձը, ով, օրինակ, աշխատում է կես դրույք և իր անվանական աշխատավարձը կազմում է 75, 000 դրամ, իսկ գնաճը շարունակում է իր կայուն աճը։
Այս իրավիճակում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը ևս բարձրանում են, սակայն լրիվ այլ սկզբնակետից․
Գծապատկեր 1․ ՀՀ բարձրագույն իշխանության անվանական աշխատավարձերի աճը՝ նախկին անվանական աշխատավարձերի համեմատ 2023թ․-ի հունվարի 1-ից
Այսպիսով, ՀՀ նախագահի աշխատավարձն աճելու է 24%-ով՝ կազմելով 1,644,000 դրամ։ Աժ պատգամավորների, նախարարների և ՍԴ նախագահի աշխատավարձերը մոտ 26%-ով` կազմելով համապատասխանաբար՝ 830,200 դրամ, 998,400 դրամ և 1,331,200 դրամ։ Նկատենք, որ ամսական անվանական աշխատավարձերի մասին է խոսքը։
Այժմ ուսումնասիրենք գնաճի մակարդակը, սոցիալական ոլորտի աշխատակիցների և ընդհանուր միջին ամսական անվանական աշխատավարձերի փոփոխությունը` 2022թ․-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին․
Գծապատկեր 2․ Սպառողական գների, սոցիալական ոլորտի աշխատակիցների և ընդհանուր միջին ամսական անվանական աշխատավարձի ծավալների փոփոխությունը 2022թ․-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին` 2021թ․-ի նույն ամիսների համեմատ 2023թ․-ի հունվարի 1-ից
Ինչպես կարելի է նկատել գծապատկեր 2-ում, գները աճել են, սակայն աճել են նաև սոցիալական ոլորտի աշխատակիցների և ընդհանուր միջին ամսական անվանական աշխատավարձերը։
Մասնավորապես, հոկտեմբեր ամսին գների աճը կազմել է 9,5%, միջին անվանական ամսական աշխատավարձերի աճը, 2022թ․-ի հոկտեմբերին, 2021թ․-ի հոկտեմբերի համեմատ, կազմել է 18,6%, որի արդյունքում աշխատավարձերը 2022թ․-ի հոկտեմբերին կազմել են 236,911 դրամ։
Սոցիալական ոլորտի աշխատակիցների միջին ամսական անվանական աշխատավարձերը ևս աճել են, սակայն ընդամենը 0,3%-ով՝ 2022թ․-ի հոկտեմբերին կազմելով 156,429։ Ստացվում է, որ ընդհանուր միջին ամսական անվանական աշխատավարձերը 2022թ․-ի հոկտեմբերին աճել են ընդամենը 37,157 դրամով, սոցիալական ոլորտի աշխատակիցների միջին ամսական անվանական աշխատավարձերը՝ 424 դրամով, իսկ ՀՀ «ամենաարդյունավետ» և «արտադրողական» բարձրագույն իշխանությունների՝ օրինակ ԱԺ պատգամավորների աշխատավարձերը աճելու են 168,800 դրամով, ՀՀ նախագահինը՝ 321,200 դրամով և այսպես շարունակ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում