ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Այն պայմաններում, երբ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պետությունները շարունակում են ՀՀ սահմանների երկու կողմում զինվել, անցկացնել մասշտաբային զորավարժություններ, ինչպես նաև փոխանակվել գերհզոր կործանիչներով, հայկական տնտեսությունը շարունակում է տարօրինակ աճեր արձանագրել, որն արտահայտվում է նախ և առաջ մակրոտնտեսկան հիմնական ցուցանիշների մասով արձանագրված արդյունքներով․

Գծապատկեր 1․ ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշների մակարդակը 2022 թ․-ի հոկտեմբերին

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2022 թ․-ի հոկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 246,721 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 60,548 մլն դրամ: 2022 թ․-ի հոկտեմբերին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 405,684 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 250,025 մլն դրամ արդյունքները:2022 թ․-ի հոկտեմբերին ՀՀ-ում արտադրվել է 674 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի սեպտեմբերին կազմել է 236,911 դրամ։

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2022 թ․-ի հոկտեմբերին արձանագրած արդյունքները համեմատության մեջ դրվեն 2021 թ․-ի հոկտեմբերի և 2022 թ․-ի սեպտեմբերին արձանագրված մակարդակների հետ․

Գծապատկեր 2․ ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունը 2022 թ․-ի հոկտեմբերին՝ նախորդ ամսվա և 2021 թ․-ի հոկտեմբերի համեմատ

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թ․-ի հոկտեմբերին 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ի աճը կազմել է 17,5 %, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է անկում՝ 2 %-ով։ 2021 թ․-ի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բոլոր ցուցանիշների մասով արձանագրվել են աճեր։ Ամենամեծ աճը դիտվել է արտահանման ծավալների մասով։ Վերջինս 2022 թ․-ի հոկտեմբերին, 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ, աճել է 2,2 անգամ, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1,9 %-ով։ Ներմուծման ծավալները 2022 թ․-ի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել են մոտ 74.4 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ ներմուծման ծավալների աճը կազմել է 1.9 %։ Արդյունաբերության ծավալների աճը 2022 թ․-ի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 9,7 %, իսկ նախորդ ամսվա համեմատ դիտվել է աճ՝ 5,2 %-ով։ 2022 թ․-ի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծառայությունների ծավալներն աճել են մոտ 34.9 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4,4 %-ով։ 2022 թ․-ի հոկտեմբերին, 2021 թ․-ի հոկտեմբերի համեմատ, գների աճը կազմել է 9,5 %։

Այս երկրում բոլոր ցուցանիշները փոխվում են բացի աշխատավարձերից: Վերջիններս կամ չեն փոխվում կամ աճում և նվազում են չափազանց դանդաղ: Մասնավորապես, միջին ամսական անվանական աշխատավարձերի աճը 2022 թ․-ի հոկտեմբերին, 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ, կազմել է 18.6 %, իսկ նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է ընդամենը 0.1 %:

Share This Article
Թողնել մեկնաբանություն