ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԳՆԱՃԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հունգարիան` որպես պետություն, հայերի կողմից ոչ միանշանակ գնահատականի է արժանանում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս երկիրը ժամանակին Ադրբեջանին արտահանձնեց այժմ այնտեղ հերոս համարվող մի ոճրագործի, ով կացնով գլխատել էր քնած հայ սպային։ Այս իրադարձություններից հետո հայկական կողմը, ի նշան բողոքի, խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, սակայն այժմ ներկայիս իշխանությունները հայտարարում են հարաբերությունները վերականգնելու մասին, թեև հայտնի չէ, թե որոնք են դրա դրդապատճառները։ Այսօր էլ Հունգարիան վարում է թուրքամետ քաղաքականություն, սերտ կապեր ունի թուրքալեզու պետությունների հետ, ուստի  զարմանալի է հայաստանյան իշխանությունների նման վերաբերմունքը հունգարական կողմի նկատմամբ։ Բացի այդ՝ Հունգարիան բավականին խնդրահարույց երկիրն է Եվրամիությունում․ այն անընդհատ ընդդիմանում է Եվրաատլանտյան բազմաթիվ որոշումներին և բացահայտ իր աջակցությունն է հայտնում Թուրքիային ու Ռուսաստանին։ Այս ամենով հանդերձ՝ հունգարական տնտեսությունը ևս թեթև ժամանակներ չի ապրում։

Հունգարիան չի կարողանում վերահսկել արտաքին բացասական ազդակները, որոնք զգալի վնաս են հասցնում տնտեսությանը։ Դա առաջին հերթին պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ, որը Եվրոպայում անկառավարելի գնաճ է առաջացրել, և եվրոպական մի շարք երկրներ հազիվ են կարողանում դիմակայել սոցիալական ցնցումներին։ Այս գործընթացներից դուրս չի մնում նաև հունգարական տնտեսությունը, որի վերաբերյալ վիճակագրական տվյալները բոլորովին հուսադրող չեն․

Գծապատկեր 1Հունգարիայի տնտեսության վիճակը

Ինչպես կարելի է նկատել գծապատկերից, տնտեսական աճը Հունգարիայում, արդեն 3 եռամսյակ շարունակ նվազելով, 2022 թ․ 3-րդ եռամսյակում կազմել է 4,1 %։ Սա խոսում է այն մասին, որ հունգարական տնտեսությունը մտնում է ռեցեսիայի փուլ։ Գնաճը 2022 թ․ հոկտեմբերին հասել է ռեկորդային 21,9 % մակարդակին։ Նկատենք, որ 2022 թ․ մարտին գնաճը կազմում էր  ընդամենը 8,6 %։ Գործազրկության մակարդակն այս երկրում 2022 թ․ հոկտեմբերին կազմել է 3,4 %, որը մի փոքր նվազել է նախորդող 3 ամիսների նկատմամբ։ Կարելի է ասել, որ Հունգարիան վերադարձել է գործազրկության մարտ ամսվա մակարդակին։

Այս պատկերը հուշում է, որ հունգարական տնտեսությունը կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ, որոնք արդեն տեսանելի են․ բարձր գնաճի, ինչպես նաև մոտալուտ էներգետիկ ճգնաժամի ֆոնին երկրով մեկ տեղի է ունենում առաջատար ընկերությունների կազմալուծում, փակվում են խոշոր թատրոններն ու մարզադաշտերը։

 

Կիսվեք այս հոդվածով