Ողջունելի է, որ որպես հաղթող երկիր մանկական Եվրատեսիլի այս տարվա մրցույթն անցկացվելու է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Արդեն բոլորս նկատում ենք՝ ինչպիսի եռուզեռի մեջ է քաղաքը` մի կողմից մանկական Եվրատեսիլի, մյուս կողմից՝ Նոր տարվա միջոցառումներին ընդառաջ։ Այդուհանդերձ հասարակության շրջանում տարբեր տեսակետներ են շրջանառվում։ Մասնավորապես, քաղաքացիների մի ստվար զանգված այն կարծիքին է, որ պետության նման շռայլ ծախսերն արդարացված չեն, և կարելի էր ավելի համեստ ոճով կազմակերպել ամեն ինչ։ Նշում են, որ պատերազմի արդյունքում հսկայական կորուստներ կրած երկրում ավելի նպատակահարմար է մտածել սահմանները կահավորելու, զինվորների կարիքները հոգալու և մի շարք այլ ավելի կարևոր հարցերի մասին։
Նկատենք, որ վերջերս flip.am կայքը, որն իրենից ներկայացնում է փաստերի ստուգման հարթակ, հրապարակել է մի հոդված, որտեղ նշվում է, որ Երևանն ավելի քան 2 մլն դոլար է ծախսել ամանորյա միջոցառումների վրա, ընդ որում՝ գնումների մեծ մասը կատարվում է մեկ անձից, ինչը բավականին շատ հարցեր է առաջացնում: Հայտնի չէ, թե այս ծախսվող գումարների որ մասն է «անհետանում» ճանապարհին, և, առհասարակ, այս գործընթացը թափանցիկ չէ հասարակության համար, ինչը լուրջ կասկածների տեղիք է տալիս։
Երբ խոսում ենք ինչ-որ ծախսերի մասին, անմիջապես տեղափոխվում ենք պետական բյուջե։ Այստեղ հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսին է եղել Հայաստանի ֆիսկալ բալանսը․
Գծապատկեր 1․ ՀՀ ֆիսկալ բալանսի դինամիկան 2014-2021 թվականներին
Որպեսզի հասկանալի լինի ընթերցողի համար, նշենք, որ ֆիսկալ բալանսը պետական եկամուտների և ծախսերի տարբերությունն է։ Այստեղ այդ տարբերությունն արտահայտված Է ՀՆԱ-ի նկատմամբ։
Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 1-ից, 2021 թ․ Հայաստանի բյուջեի ֆիսկալ բալանսը կազմել է ՀՆԱ-ի -4,7 %-ը։ Սա նշանակում է, որ ծախսերն էապես գերազանցել են եկամուտները։ Նկատենք, որ 2018-19 թթ․ նկատվել են ավելի մեղմ արդյունքներ։ Մասնավորապես, 2018 թ․ բյուջեի ֆիսկալ բալանսը կազմել է ՀՆԱ-ի -1,6 %-ը, իսկ 2019 թ․՝ -0,8 %-ը։ 2000-2021 թթ․ ՀՀ բյուջեի բալանսը նվազագույնը եղել է 2009 թ․-ին՝ -7,6 %։
Ունեցել ենք նաև դրական արդյունքներ 2007 թ․-ին՝ 2,6 %։ 2021 թ․-ի ցուցանիշը, եթե համեմատենք երկրների 2021 թ․ միջին ցուցանիշի՝ -4,4 %-ի հետ, ապա կտեսնենք, որ այն -0,3 %-ով ավելի է միջինից։
Վերջում նշենք, որ բյուջեի դեֆիցիտը համալրելու համար իշխանությունները դիմում են պարտքային գործիքին, հետևաբար հարց է առաջանում՝ ովքեր են վճարելու դրա դիմաց։ Իհարկե, պարտքային այս ամբողջ բեռը կրելու է հասարակությունը և, հետևաբար, վերջինս էլ արդարացիորեն պահանջում է իշխանությունների հաշվետվողականությունը յուրաքանչյուր ծախսի դիմաց։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում