Իսպանիան համարվում է Եվրամիության և առհասարակ Արևմուտքի առաջատար պետություններից մեկը։ Այն նաև կապող օղակ է այլ տարածաշրջաններում գտնվող իսպանալեզու պետությունների և Արևմուտքի միջև։ Իսպանիան մինչ այժմ էլ ամուր կապեր է պահում իր նախկին գաղութների հետ՝ համագործակցելով ինչպես ընդհանուր մշակութային հարթակներում, այնպես էլ սոցիալական մի շարք հիմնահարցերի լուծման ուղղություններով։ Բացի այդ՝ իսպանական կապիտալը մեծ համբավ ունի իսպանալեզու պետություններում և որոշակի դերակատարում է ունենում նրանց տնտեսության մեջ։ Մեծ է Իսպանիայի դերն ու նշանակությունը նաև Եվրամիությունում։ Այն համարվում է միության խոշորագույն տնտեսություններից մեկը։
Ինչպես հայտնում է Իսպանիայի Կենտրոնական բանկի նախագահ Պաբլո Հենանդես դե Կոսը, 2024թ․ իսպանական բանկերից և էներգետիկ խոշոր ընկերություններից հավաքագրվելիք հարկերի կրճատում է սպասվում։
Գծապատկեր 1․ Իսպանիայում 2024թ․-ին հարկային եկամուտների կրճատում է սպասվում
Ինչպես նկատում ենք գծապատկերից, կանխատեսվում է, որ 2024թ․ Իսպանիայում խոշոր բանկերից և էներգետիկ ընկերություններից հավաքագրվելիք հարկային եկամուտների ծավալը կկազմի 5,2 մլրդ դոլար, որը 1,8 մլրդ դոլարով պակաս է, քան սպասվում էր։
Գծապատկեր 2․ Իսպանիայի տնտեսության վիճակը
Նկատենք, որ Իսպանիայում 2022թ․ 3-րդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 3,8%։ Այն կտրուկ անկում է արձանագրել (մոտ 3 տոկոսային կետով ) նախորդ եռամսյակի համեմատ, սակայն դեռ վաղ է խոսել ռեցեսիայի մասին։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նույնիսկ 2022թ․ 2-րդ եռամսյակում տնտեսական աճը մի փոքր արագացել է նույն տարվա 1-ին եռամսյակի համեմատ, սակայն 3-րդ եռամսյակի անկումը զգալի է, ինչը չէր կարող չազդել նաև պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման աճի տեմպերի վրա։
Այդուհանդերձ նկատենք, որ Իսպանիայում արձանագրվել է վերջին ժամանակների ամենացածր գնաճն այն պարագայում, երբ Եվրոպան չի կարողանում լիարժեք կառավարել օրեցօր ավելացող գնաճը։ 2022թ․ օգոստոսին Իսպանիայում գնաճը կազմել է 10,5%, սեպտեմբերին՝ 8,9%, հոկտեմբերին՝ 7,3%, իսկ նոյեմբերին՝ 6,6%, ինչը ողջունելի է։
Թեև գնաճի մասով առկա են դրական միտումներ Իսպանիայում, նույնը չենք կարող ասել գործազրկության մակարդակի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ 2022թ․ հուլիսի համեմատ գործազրկությունն աճել է, այն շարունակում է ցածր մնալ փետրվարին և մարտին գրացված արդյունքներից։
2022թ․ օգոստոսին և սեպտեմբերին գործազրկության մակարդակն Իսպանիայում կազմել է 12,8%, ինչը 0,3 տոկոսային կետով ավելի է հուլիսի մակարդակից, սակայն մոտ 0,9 տոկոսային կետով ցածր է 2022թ․ փետրվարի և մարտի գործազրկության մակարդակից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում