Ամերիկյան Apple կորպորացիան վերջին շաբաթներին արագացրել է իր արտադրության մի մասը Չինաստանից դուրս տեղափոխելու ծրագրերը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ Apple-ը մատակարարներին խնդրում է ավելի ակտիվորեն պլանավորել իր արտադրանքի հավաքումը Ասիայի այլ երկրներում, հատկապես Հնդկաստանում և Վիետնամում, և ձգտում է կրճատել կախվածությունը թայվանցի հավաքողներից ՝ Foxconn Technology Group ընկերության գլխավորությամբ:
Նշվում է, որ նման որոշման ընդունմանը նպաստել են չինական Չժենչժոու քաղաքում iPhone-ի արտադրության խոշորագույն գործարաններից մեկում աշխատողների նոյեմբերյան խռովությունները, որտեղ աշխատում է 300 հազար մարդ, և որին ժամանակին բաժին էր ընկնում iPhone Pro շարքի 85 %-ը:
Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ երբ Apple-ը կկարողանա ամբողջությամբ ազատվել այդ գործարանից ունեցած կախվածությունից։ Լուծումներից մեկը կարող է լինել ավելի շատ հավաքողների ներգրավումը, նույնիսկ եթե այդ ընկերությունները հիմնված են Չինաստանում: Թերթի տվյալներով նման ընկերությունների թվում կարող են հայտնվել չինական Luxshare Precision Industry-ն և Wingtech Technology-ն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում