Հիշենք ամերիկյան հայտնի ֆիլմերից մեկը՝ «Տերմինատոր» ֆիլմը, որի գլխավոր հերոսը, ում դերում հանդես է գալիս աշխարհահռչակ դերասան Առնոլդ Շվարցենեգերը, ասում է․ “I’ll be back” («Ես կվերադառնամ»)։ Այս արտահայտությունը երկար ժամանակ դարձել էր թևավոր խոսք ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս, սակայն մարդիկ, խոսելով դերասանների կատարյալ խաղի մասին, չէին կարող պատկերացնել, որ ֆիլմում նկարագրված իրադարձությունները մի օր կարող են իրականություն դառնալ։
Ֆիլմի հիմքում դրված էր այն գաղափարը, որ ռոբոտները մարդկանց շնորհիվ ձեռք են բերելու արհեստական ինտելեկտի զարգացման այնպիսի մակարդակ, որ սկսելու են մրցակցել մարդկանց հետ, ինչի արդյունքում տեղի է ունենալու ընդհարում այս երկու կողմերի միջև։
Այս պատկերը կարծես սկսել է դառնալ իրականություն։ Վերջերս Սան-Ֆրանցիսկո քաղաքի խորհուրդը թույլատրել է ոստիկանությանը օգտագործել հեռակա կառավարմամբ մահաբեր ռոբոտներ։ Այս որոշումը բազմաթիվ լուրջ քննարկումների առիթ դարձավ, եղան ինչպես կողմ, այնպես էլ դեմ տեսակետներ։ Դեմ արտահայտվողները նշում էին, որ չի կարելի ոստիկանությունը չափազանց ռազմականացնել և մատնանշում էին փոքրամասնությունների և աղքատների նկատմամբ իրավախախտումների թվաքանակի ավելացումը։ Մյուս կողմից Սան-Ֆրանցիսկոյի ոստիկանությունը հայտնում է, որ եթե նույնիսկ ռոբոտներ վարձակալեն, ապա դրանք ոչ թե սովորական գործողությունների են մասնակցելու, այլ կրառվելու են հատուկ մեծ վտանգ ներկայացնող մարտահրավերների դեպքում։ Որպես օրինակ՝ նրանք նշում են, որ եթե հանցագործներն իրենց գործողություններով վտանգի տակ դնեն բազմահազար մարդկանց կյանքը, ապա այդ գործը պետք է վստահել ռոբոտներին։
Ներկայումս Սան-Ֆրանցիսկոյի ոստիկանությունում գործում է 12 ռոբոտ, որոնք օգտագործվում են որպես սակրավորներ և հիմնականում մասնագիտացած են պայթուցիկ նյութերի վնասազերծման աշխատանքներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում