Մարդկությունն արդեն անհնար է համարում ժամանակակից կյանքն առանց նորագույն տեխնոլոգիաների։ Վերջիններիս զարգացման արագությունն գնալով արդեն սովորական է դառնում ժամանակակից մարդու համար։ Նույնիսկ տեղի է ունենում տարիքային սահմանների աստիճանական վերացում։ Աշխարհով մեկ միլիոնավոր տարեցներ ակտիվորեն օգտագործում են նորագույն տեխնոլոգիաներն իրենց առօրյայում։ Համակարգիչները, որոնք մտնում են զարգացման հեղափոխական նոր փուլ, դարձել են մարդկանց անբաժանելի ուղեկիցները։ Փաստացի, համակարգիչը դարձել է մարդու աշխատանքի հիմնական գործիքը։ Համակարգչային հմտություններին տիրապետելը դեռևս տարիներ առաջ լուրջ խնդիր էր, իսկ ներկայումս դա անհրաժեշտություն է։ Ուսումնասիրենք համակարգիչների օգտագործման պատկերը Հայաստանում՝ 2021 թ․-ի դրությամբ։
Պարզվում է՝ Հայաստանում համակարգիչ օգտագործում է բնակչության 58,2 %-ը, որը 0,1 տոկոսային կետով գերազանցում է 2020 թ․-ի ցուցանիշին։ Դիտարկենք համակարգչից օգտվողներին՝ ըստ սեռի․
Գծապատկեր 1․ Համակարգչի օգտագործումը 2021 թ․-ին` ըստ սեռի
Տվյալները փաստում են, որ համակարգչից օգտվում են կանանց 55,3 %-ը, իսկ տղամարդկանց՝ 61,6 %-ը։ Նկատենք, որ 2020 թ․-ի համեմատ կանանց մասնաբաժինը նվազել է 3,1 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մասնաբաժինը աճել է 3,8 տոկոսային կետով։
Համակարգչի օգտագործումը, ըստ տարիքային խմբերի, եղել է հետևյալը․
Գծապատկեր 2․ Համակարգչի օգտագործումը տարբեր տարիքային խմբերում 2021 թ․-ին
Պարզվում է՝ ՀՀ-ում 15-24 տարեկանների 72,6 % օգտվում է համակարգչից։
Երկրորդ և Երրորդ հորիզոնականներում են հայտնվել 25-34 և 45-54 տարիքային խմբերը` համապատասխանաբար 68,8 % և 65,2 % մասնաբաժիններով։ Հատկանշական է, որ 65-74 տարեկանների 39,9 %-ն է օգտվում համակարգչից, իսկ 75 և ավելի տարեկան մարդկանցից՝ 14,7 %-ը։
Համակարգչի օգտագործման աշխարհագրությունը Հայաստանում հետևյալն է․
Գծապատկեր 3․ Համակարգչի օգտագործումը Երևանում և ՀՀ մարզերում 2021 թ․-ին
Վիճակագրական տվյալների համաձայն` Երևանում համակարգիչ օգտագործողների մասնաբաժինը կազմել է 63 %։ Մարզերում առաջատար են Արագածոտնի, Սյունիքի և Շիրակի մարզերը` համակարգչի օգտագործման համապատասխանաբար 81,3 %-ը, 69,8 % և 62,7 %-ը։
Համակարգչի օգտագորման նվազագույն մակարդակ առկա է Արարատի մարզում՝ 45 %։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում