ՀՆԴԿԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ ՌՈՒՓԻՆ

1 Min Read

Հնդկաստանի Պահուստային բանկը սկսել է մանրածախ էլեկտրոնային ռուփի թողարկելու փորձնական նախագիծը, որը համարվում է Կենտրոնական բանկի թվային արժույթի մի տարբերակը։ Այս ծրագիրը նախատեսվում է գործարկել դեկտեմբերի 1-ից՝ երկու փուլով։ Առաջին փուլին մասնակցելու է Հնդկաստանի պետական բանկը, «ICICI»բանկը, «Yes» բանկը և«IDC First»բանկը՝ հնդկական չորս քաղաքներում։ Այս նախագծի փորձարկման երկրորդ փուլին միանալու են «Baroda» բանկը, Հնդկաստանի միացյալ բանկը (Union Bank of India), «HDFC» և «Kotak Mahindra» բանկերը։ Իսկ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է ընդլայնել նաև քաղաքների թիվը, որտեղ գործնականում կիրառվելու է այս նախագիծը։

Ինչպես հայտնում է Հնդկաստանի Կենտրոնական բանկը, թվային  ռուփին թողարկվելու է նույն անվանական մեծություններով, ինչ որ այժմ գործածության մեջ գտնվող թղթադրամները և մետաղադրամները։ Նոյեմբերի 1-ից գործարկվում է «Մեծածախ թվային ռուփի» ծրագիրը, որի շրջանակներում Հնդկաստանի 9 բանկեր իրենց պետական արժեթղթերի առքուվաճառքը իրականացնելու են էլեկտրոնային ռուփիի միջոցով։

Նշենք, որ օգտատերերը հնարավորություն են ունենալու գործարքներ իրականացնել թվային ռուփիով՝ էլեկտոնային դրամապանակների միջոցով, որոնք առաջարկում են մասնակից բանկերը, ինչպես նաև այն դրամապանակներով, որոնք աշխատում են բջջային հեռախոսների և այլ գաջեթների միջոցով։ Էլեկտրոնային ռուփին դեռևս կատարելու է պարզագույն վճարումների ֆունկցիա և հնարավոր է լինելու այն փոխել այլ արժույթներով։

Այս փորձնական նախագիծը ստուգելու է ամբողջ գործընթացի հուսալիությունը՝ սկսած թվային ռուփիի ստեղծումից և թողարկումից, ավարտած դրա վերջնական կիրառմամբ։

Կիսվեք այս հոդվածով