ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼԻՔ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Ռուսաստանի տնտեսության վրա շարունակում են իրենց բացասական ազդեցությունը թողնել ռուս-ուկրաինական պատերազմը և Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝  Եվրասիական զարգացման բանկի փորձագետները կանխատեսումներ են կատարել Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ․

Գծապատկեր 1․ Կանխատեսումներ ՌԴ տնտեսության վերաբերյալ` Եվրասիական զարգացման բանկի փորձագետների մատուցմամբ

Ինչպես երևում է Գծապատկեր 1-ից, կանխատեսվում է, որ 2022 թ․ ՌԴ-ում տնտեսական անկումը կլինի 3 %, 2023 թ․՝ 2 %, իսկ արդեն 2024 թ․ Ռուսաստանի տնտեսությունը դուրս կգա ճգնաժամային փուլից՝ արձանագրելով 1,5 % աճ։

Տնտեսության և հատկապես սոցիալական ոլորտի վրա ծանր հետևանքներ է ունենում գնաճը։ 2022 թ․ սպասվում է 12 % գնաճ, 2023 թ․ համար փորձագետները կանխատեսում են գնաճի մակարդակի նվազում մինչև 6 %, իսկ 2024 թ․ սպասվում է, որ գնաճը կմոտենա Կենտրոնական բանկի 4 % թիրախային ցուցանիշին։ Փորձագետները փաստում են, որ ռուսական նավթի գնի և նավթ տեղափոխող նավերի ապահովագրության վրա դրվող սահմանափակումները, ռուսական նավերի մուտքի սահմանափակումները, ինչպես նաև Արևմտյան երկրների կողմից ռուսական նավթի առևտրով զբաղվող երկրների համար նախատեսվող պատժամիջոցներն իրենց բացասական հետևանքներն են ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա և արժենալու են վերջինիս ՀՆԱ-ի 1-2 %-ը։

Նշենք նաև, որ վերլուծաբանները որոշ չափով ճշգրտել են իրենց կանխատեսումները լավատեսական ուղղությամբ, սակայն ներկայացնում են նաև Ռուսաստանի տնտեսության համար ծագած ռիսկերը․

Գծապատկեր 2․ Եվրասիական զարգացման բանկի փորձագետների կողմից ՌԴ տնտեսության վերաբերյալ արված դրական կանխատեսումների պատճառները և հնարավոր ռիսկերը

Դրական միտումները բացատրվում են նրանով, որ նույնիսկ ներկայիս խիստ պատժամիջոցների առկայության պարագայում Ռուսաստանի նավթարդյունահանման ոլորտին հաջողվում է  պահպանել կայունություն։

Երկրորդ՝ Ռուսաստանը հացահատիկ արտահանող առաջատար երկրներից է, և այս տարի հացահատիկի բերքատվությունն աճման զգալի միտումներ է դրսևորել։ Դրական կանխատեսումները պայմանավորված են նաև շինարարության ծավալների ընդլայնմամբ։ Չնայած այս դրական միտումներին՝ փորձագետները առանձնացնում են նաև որոշակի ռիսկեր։ Դրանք պայմանավորված են այն հանգամանքով, որ Ռուսաստանի տնտեսությունն այժմ գտնվում է անցումային փուլում և փորձում է հարմարվել նոր իրավիճակին։ Խնդիրն այն է, որ այս գործընթացը  կարող է կրել երկարաժամկետ բնույթ, ինչը, անկասկած, իր բացասական ազդեցությունը կթողնի ողջ տնտեսության վրա։

Ռուսաստանի տնտեսության վրա իր բացասական հետևանքները կթողնի նաև համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը, քանի որ ընդհանուր պահանջարկի նվազման արդյունքում կնվազի նաև ՌԴ-ից արտահանվող ապրանքների նկատմամբ պահանջարկը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի Ռուսաստանի արտահանման ծավալների կրճատմանը։ Վերլուծաբանները մատնանշում են նաև, որ նավթագազային եկամուտների անկումը ճնշելու է պետական բյուջեն, ինչի արդյունքում ավելանալու է վերջինիս պակասուրդը՝ իր բոլոր բացասական հետևանքներով։

Կիսվեք այս հոդվածով