«Հրապարակ». Երևանն ամանորյա տեսքի է բերվում խցանումներով, աղմուկ-աղաղակով ու 650 հազար դոլարով

3 Min Read

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին մայրաքաղաքում, հատկապես՝ Կենտրոնում, ընթանում են ամանորյա զարդարանքների մոնտաժման աշխատանքներ։ Աշխատանքային ու ոչ աշխատանքային օրերին փակվում են Երևանի ամենաբանուկ և կենտրոնական փողոցներն ու պողոտաները։ Վերջին 2 օրերին, օրինակ, փակ է Մաշտոցի պողոտան, մի կողմից՝ լույսերն ու զարդարանքները տեղադրող մասնագետները, մյուս կողմից՝ նրանց հսկող ու կաթվածահար երթևեկությունը մի կերպ կարգավորող պարեկները, դրան գումարած՝ նյարդայնացած վարորդները։ Մի խոսքով՝ աղմուկ- աղաղակ կամ, ինչպես կասեր դասականը, մի մեծ բոլոլա։

Դեկտեմբերի 5-ին Երևանում պետք է տեղի ունենա «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային փառատոնը, այդ առիթով նաև Հանրապետության հրապարակն է նորացվում, թարմացվում ու զարդարվում։ Արդեն գրել էինք, որ Հանրապետության հրապարակի շենքերը՝ կառավարության շենքը, Ազգային պատկերասրահը, ամբողջությամբ նոր լույսերով են պատվել, որոնց համար պետական բյուջեից վճարվել է 114 մլն 287 հազար դրամ կամ 284 հազար դոլար, ընդհանուր ամանորյա զարդարանքների գինը կազմել է 650 հազար դոլար, բոլոր գնումները կատարվել են մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության ղեկավար Լևոն Սարդարյանին հարցրինք՝ գնված զարդարանքներն ու լույսերը մյուս տարիներին է՞լ են օգտագործվելու, թե՞ այդ շքեղությունը միայն մանկական Եվրատեսիլի համար է։ Սարդարյանը պատասխանեց․

«Ամբողջը դառնալու է Երևան համայնքի սեփականությունը»։ Դիտարկմանը, որ 2019-ից առաջ գնված տոնածառն էլ է Երևան համայնքի սեփականությունը, սակայն չի օգտագործվում, Սարդարյանն արձագանքեց․ «Լույսերը համայնքի սեփականությունն են ու օգտագործվելու են նաև հաջորդ տարիներին»։ Նրան հարցրինք նաև, թե ինչով է պայմանավորված, որ լույսերը տեղադրում են աշխատանքային օրերին, ցերեկով, հնարավոր չէ՞ դա գիշերն անել, որ մայրաքաղաքի երթևեկությունը չխաթարվի։ «Հատկապես Մաշտոցի պողոտայում ենթակառուցվածքները ծառերի միջով են անցնում, ու լուսավորության խնդիր կա: Գիշերն այդ աշխատանքներն իրականացնել հնարավոր չէ: Որտեղ հնարավոր է եղել, աշխատանքները գիշերային ժամերին են արվել»։
Բայց անցյալում էլ կարծես թե ամեն տարի Երևանը զարդարել են, ու փողոցները փակելու, մայրաքաղաքը կաթվածահար անելու անհրաժեշտություն չի ծագել։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ Արթուր Գևորգյանին հարցրինք՝ ինչպե՞ս էին ժամանակին այդ աշխատանքներն անում, որ երթևեկությունը չէր խաթարվում։ «Հիմնականում գիշերն էին անում, որոշ աշխատանքներ էլ՝ ցերեկը, բայց այնպես, որ հնարավորինս չխոչընդոտեն տրանսպորտի երթևեկին»,- ասաց Գևորգյանը։

Հարցրինք նաև՝ ամեն տարի նոր լույսե՞ր էին գնում, թե՞ եղածն էին օգտագործում։ «Ամեն տարի լուսային նոր զարդարանքներ չեն գնվում, միայն անհրաժեշտության դեպքում էր նորը գնվում: Ի դեպ, երբեմն կիրառվում էին նաև լուսային զարդարանքների փոխատեղումներ: Ասենք՝ եթե լուսային ինչ-որ զարդարանք մի տարի տեղադրված է եղել մի փողոցում, հաջորդ անգամ կարող էր տեղադրվել մեկ այլ փողոցում»,- պատասխանեց Գևորգյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք այս հոդվածով