Աշխատավարձի 80 %-ի չափով հավելավճար է սահմանվել ՍԴ-ի, 50 %-ի չափով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար

1 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստը:

Ըստ օրակարգի՝ հաստատվել են խորհրդի աշխատակարգը, հաշվետվության ձևը և մշտադիտարկման ու գնահատման մեթոդաբանական ուղեցույցը: Ապա ներկայացվել են վերոնշյալ ռազմավարությամբ՝ արդարադատության ոլորտի բարեփոխման ու զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումները:

Զեկուցվել է դատական համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ. նշվել է, որ ուժի մեջ է մտել օրենք, որով աշխատավարձի 80 տոկոսի չափով հավելավճար է սահմանվել Սահմանադրական դատարանի, 50 տոկոսի չափով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար: Մշակվել է Երևանում առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանների ձևավորման փաթեթը: Կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ներկայացվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագիծը: Մշակվել է նախագծերի փաթեթ, որով պարզեցվում են դատավարության կազմակերպման ընթացակարգերը՝ վարչական, քաղաքացիական և սնանկության գործերով գրավոր ընթացակարգի ներդրում, քրեական գործերով արագացված վարույթի վերականգնում և այլն:

Կիսվեք այս հոդվածով