Ուսումնասիրելով հայ-վրացական հարաբերությունների զարգացման վերջին 30 տարին՝ կարելի է փաստել, որ երկու հարևան երկրները բավականին արդյունավետ համագործակցություն են ծավալել այդ ժամանակահատվածում։ Սակայն այդ համագործակցությունն այդուհանդերձ չի հասել այն մակարդակին, որ մեր հյուսիսային հարևանը համարվի մեր տնտեսության հիմնական գործընկերներից մեկը։ Դրա մասին է վկայում նաև այն, որ դեռևս Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ուղղություններով չկան առևտրի շահավետ պայմաններ։ Այստեղ հատկապես կարևոր է էներգետիկ ոլորտը․ Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համակարգերը գործում են սահմանափակ կարգավիճակով։
Այսպես՝ մի երկրից մյուս երկիր էլեկտրաէներգիա մատակարարելու համար անհրաժեշտություն է առաջանում սահմանային մարզերի էներգետիկ համակարգն անջատել ընդհանուր համակարգից, ինչը բավականին դժվարացնում է գործընթացը։ 30 տարի անց Հայաստանը, վերջապես, որոշել է մշակել իրավական հիմքեր Վրաստանի հետ էներգետիկ առևտրի համար։ Դրա արդյունքում համապատասխան հզորության էլեկտրակայաններ կառուցելու դեպքում հնարավոր կլինի երկու երկրների միջև ապահովել էլեկտրաէներգիայի ազատ առևտուր։
Վրաստանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները վերջին շրջանում սկսել են բուռն զարգացում ապրել՝ չնայած այն փաստին, որ Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Վրաստանի համար թշնամական երկիր համարվող Ռուսաստանի հետ։ Այս երկրների միջև արտահանման և ներմուծման ծավալները 2022 թ․ հունվար-սեպտեմբերին գրանցել են հետևյալ արդյունքները․
Գծապատկեր 1․ Վրաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները 2022 թ․ հունվար-սեպտեմբերին
Ինչպես կարելի է նկատել գծապատկերից, Հայաստանից Վրաստան արտահանման ծավալը դրամային արտահայտությամբ կազմում է 122 448 000 ԱՄՆ դոլար, ներմուծման ծավալը, ըստ արտահանող երկրի, կազմել է 463 մլն ԱՄՆ դոլար, իսկ ըստ ապրանքի ծագման երկրի՝ 108 մլն դոլար։ Այս ցուցանիշների մասով արձանագրվել են բացառիկ աճեր։ Մասնավորապես, 2022 թ․ հունվար-սեպտեմբերին, 2021 թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանից դեպի Վրաստան արտահանման ծավալներն աճել են մոտ 3 անգամ, իսկ ներմուծման ծավալները, ըստ արտահանող երկրի, աճել են 96,9 %-ով և ըստ ապրանքի ծագման երկրի՝ 26,3 %-ով։
Չնայած այս աննախադեպ աճերին՝ Վրաստանը դեռևս չունի զգալի մասնաբաժին Հայաստանի արտաքին առևտրի ծավալներում․
Գծապատկեր 2․ Վրաստանի մասնաբաժինը ՀՀ արտահանման և ներմուծման ծավալներում 2022 թ․ հունվար-սեպտեմբերին
Համաձայն ՎԿ ներկայացրած տվյալների՝ Վրաստանի մասնաբաժինը ՀՀ արտահանման ծավալներում կազմել է ընդամենը 3,5 %, որը 2021 թ․ համեմատ աճել է շուրջ 1,3 տոկոսային կետով։ Ըստ արտահանող երկրի` ՀՀ ներմուծման ծավալներում Վրաստանի մասնաբաժինը կազմում է 8 %, որը 2021 թ․ համեմատ աճել է մոտ 1,4 տոկոսային կետով, իսկ ըստ ապրանքի ծագման երկրի՝ 1,9 %, որը 2021 թ․ համեմատ նվազել է 0,5 տոկոսային կետով։
Հայ-վրացական հարաբերությունները, անշուշտ, պետք է տարբեր մակարդակներում ավելի խորացվեն, քանի որ Վրաստանը Հայաստանի համար տարածաշրջանային առումով կարևորագույն երկիր է և Հայաստանի դարպասն է դեպի Արևմուտք և դեպի բաց ծով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում