Հայաստանը գտնվում է իր պատմության ամենադժվարին փուլերից մեկում։ Թշնամական երկիրը ներխուժել է մեր երկրի սուվերեն տարածք և միտք էլ չունի դուրս գալու։ Ահաբեկչական Ադրբեջանը նույնիսկ հայտարարում է, որ իր ռազմական ուժի օգնությամբ կարողացել է անվտանգությւոն ապահովել սեփական երկրի համար, իսկ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության թուրքական նախագիծը, դրա համար շատ թանկ կվճարի։ Ձախողված դիվանագիտության պատճառով Հայաստանը մնացել է այս կենսական կարևորության մարտահրավերի հետ միայնակ։ Չնայած հնչող կոչերին, իրականում որևէ մեկը Հայաստանի հողերի համար պայքար չի տալու, որևէ մեկը չի պաշտպանելու արցախահայության տարրական իրավունքները։ Այս պարագայում հայաստանյան իշխանությունները պետք է հանրությանը պատրաստեն ամենաանցանկալի ելքերին։ Իշխանությունները պետք է զբաղվեն սահմանային շրջաններում պաշտպանական ժամանակակից կառույցների ստեղծմամբ, պաշտպանական թունելների ստեղծմամբ, ինչպես նաև ամբողջ երկրի օդային տարածքը պաշտպանեն հակաօդային ժամանակակից համակարգերով։ Սակայն, ինչ է տեսնում հայ հասարակությունը։ Իշխանությունները զբաղված են այսպես կոչված «խաղաղության օրակարգով»։ Գնում են տարբեր երկրներ «հանդիպումների», իսկ սեփական երկրում հանրությանը ներկայացնում են ֆենոմենալ տնտեսական աճերով։ Վերջին օրերին էլ որոշել են կառուցվածքային փոփոխություն կատարել և ստեղծել նոր մարմին՝ Ներքին գործերի նախարարություն։ Նկատենք, որ չի ներկայացվում բավարար հիմնավորում, թե այս դժվարին ժամանակներում այս փոփոխության նպատակը որքանով է նպատակահարմար և արդյունավետ։
Մինչև կառավարությունը զբաղված է հանրության ուշադրությունն այլ` ոչ էական դրվագներով շեղելով, հետաքրքիր է ուսումնասիրել ՀՀ կառավարության արդյունավետության և երկրում քաղաքական կայունության փոխկապվածություն․
Գծապատկեր 1․ ՀՀ կառավարության արդյունավետության և երկրում քաղաքական կայունության համաթվերի մակարդակների դինամիկան 2021 թ․-ին
Հիշեցնենք, որ երկու ցուցանիշներն էլ տատանվում են [-2,5; 2,5] միջակայքում։ Որքան փաստացի ցուցանիշները մոտ են -2,5 բալին, այնքան իրավիճակը վատ է, և ճիշտ է նաև հակառակը։ Այս առումով նկատում ենք, որ դիտարկվող ողջ ժամանակահատվածում իրավիճակը Հայաստանում այս երկու ցուցանիշների մասով երբեք լավատեսություն չի ներշնչել։ Քաղաքական կայունության դրական, սակայն փոփոխական մակարդակներ նկատվել են 2004 թ․-ին, 2007 թ․-ին, 2009 թ․-ին և 2012 թ․-ին, մյուս տարիներին ցուցանիշը գտնվել է բացասական գոտում։
Նկատենք, որ 2021 թ․-ին քաղաքական կայունության ցուցանիշը հաստատվել է ողջ ժամանակահատվածի ամենավատ մակարդակում՝ -0,84։ Կառավարության արդյունավետության համաթիվը դրական մեծություն է եղել միայն 2013 թ․-ին՝ 0,09 բալ, այն էլ զրոյին չափազանց մոտ։ Կառավարության արդյունավետության՝ -0,25 մակարդակը կրկնում է 2014 թ․-ի և 2006 թ․-ի մակարդակները։
Նկատենք, որ այս ցուցանիշների միջև առկա է բավականին շոշափելի դրական կապ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում