ՀՀ բանկային համակարգում էական փոփոխություն է գրանցվել․ արդեն գործող 17 բանկերին է միացել նորաստեղծ Ֆասթ Բանկը։ Վերջինս հիմնադրվել է Հայաստանում արդեն վաղուց գործող «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի հիման վրա։ Սա, իհարկե, դրական տեղաշարժ է ՀՀ բանկային համակարգում մրցակցությունն է՛լ ավելի խթանելու առումով, սակայն հետաքրքիր է հասկանալ նաև, թե ինչ շոշափելի հետևանքներ կարող են գրանցվել այս փոփոխության արդյունքում։ Հնարավո՞ր է արդյոք, որ նոր «խաղացողի» մուտքը բերի բանկային որոշ ծառայությունների գների վերանայմանը կամ, ասենք, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։
Անդրադառնալով ընկերության պատմությանը, որը տեղադրված է վերջինիս կայքում, պարզ է դառնում, որ այն նախ հանդես է եկել որպես գրավատուն, ապա որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն,իսկ այժմ իր առաջին քայլերն է կատարում որպես բանկ։ Համոզված կարելի է ասել, որ, անցնելով գրավատնից մինչև բանկ զարգացման ուղին, ընկերությունը մեծ փորձառություն է ձեռք բերել, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ հետագա գործունեության վրա։
Մյուս կողմից, եթե համեմատենք մյուս բանկերի հետ, որոնք արդեն երկար տարիներ գործում են և մասնագիտացել են զուտ բանկային ոլորտում, ապա կարող ենք ասել, որ Ֆասթ Բանկը անելիքներ շատ ունի, քանի որ պետք է ներկայանա արդեն գործող բանկերի չափանիշներին առնվազն հավասար։
Նորաստեղծ Ֆասթ Բանկին ծանոթանալու նպատակով ներկայացնենք կառույցի որոշ ցուցանիշների վերլուծությունը․
Գծապատկեր 1․ Ֆասթ Բանկի (Ֆասթ Կրեդիտ) ֆինանսական մի քանի ցուցանիշները 2021թ․
Ինչպես կարելի է նկատել գծապատկերից, ակտիվների ծավալը կազմել է մոտ 62,1 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը 2020թ․ համեմատ աճել է 10%-ով, իսկ 2019թ․ համեմատ՝ 46%-ով։ Ինչ վերաբերում է պարտավորություններին, ապա դրանց ծավալը կազմում է մոտ 40մլրդ դրամ, որը 2020թ․ համեմատ աճել է 3%-ով, իսկ 2019թ․ համեմատ՝ 36%-ով։ Սեփական կապիտալի ծավալը 2021թ․ կազմել է մոտ 22,2մլրդ դրամ։ Վերջինս 2020թ․ համեմատ աճել է 26%-ով, իսկ 2019թ․ համեմատ՝ 68%-ով։ 2021թ․ արդյունքներով «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ի համապարփակ եկամուտը կազմել է մոտ 4,6մլրդ դրամ։ Այն 2020թ․ համեմատ աճել է 2%-ով, իսկ 2019թ․ համեմատ՝ մոտ 4 անգամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում