ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

4 Min Read

Տեղի ունեցավ ՀԱՊԿ կոչվող կառույցի հերթական հավաքը Երևանում։ Այն լի էր բազմաթիվ իրադարձություններով՝ սկսած Լավրովի նկատողություններով, վերջացրած տարբեր պետությունների ղեկավարների անհեթեթ ելույթներով։ Կարելի է ասել, որ այս կառույցը վախճանված վիճակում է։ Նույնիսկ Ն․ Փաշինյանի ավտոմոբիլային դիվանագիտությունը չկարողացավ սիրաշահել ՌԴ նախագահի սիրտը։ Ընդհանրապես, կարելի է փաստել, որ այս դիվանագիտական պարտությունը չեն թաքցնում նաև ներկայիս հայաստանյան իշխանությունները։

Ընդհանուր առմամբ, վարչապետի ելույթն արժանի արձագանք  էր ստեղծված իրականությանը, սակայն դիվանագիտական այս ֆիասկոն թե՛ ներսում, թե՛ թշնամիների աչքերում, թե՛  հայկական սփյուռքում և թե՛ Արևմուտքում է’լ ավելի թուլացրեց ՀՀ-ն։

Փաստացի, որոշ փաստաթղթերի չստորագրումով Հայաստանը գրեթե հայտարարում է, որ առնվազն ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի գործունեությունն անհասկանալի է, քանի որ այս «խեղճ ու անհույս» կառույցը չի կարողանում հստակեցնել` վերջիվերջո Հայաստանին ո՞ր սահմաններում են ընդունել։ Ակնհայտ երևում էր Պուտինի և մյուս առաջնորդների թրքապաշտական կեցվածքը։ Իրապես այս կառույցում Հայաստանի մասնակցությունը գնալով ավելի անիմաստ է դառնում։

Ո՞րն է առհասարակ ռազմական դաշինքների իմաստը փոքր երկրների պարագայում։ Այո՛, երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունը թշնամի պետությունների հնարավոր ոտնձգություններից։ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն ահաբեկչական գործողություններ իրականացրին ՀԱՊԿ անդամ Հայաստանի նկատմամբ, այլև ակնհայտորեն հայտնում են իրենց տարածքային երազանքների մասին, որին ի պատասխան` ՀԱՊԿ-ի արձագանքը, ընդհանուր առմամբ, կարելի է և առ ոչինչ համարել։

Պատկերացրեք հետևյալ մի օրինակը․ Մերձբալթյան երկրներն ունեն սահմանային խնդիրներ Ռուսաստանի հետ։ Այդ սահմաններն, ինչպես Հայաստանի և Արդբեջանի պարագայում, ամբողջությամբ հստակեցված չեն։ Հիմա ի՞նչ, եթե ՆԱՏՕ-ն դառնա ՀԱՊԿ-ի նման վարկաբեկված կառույց, պետք է թույլ տա ռուսներին մտնել Մերձբալթյան երկրներ և Կալինինգրադի մարզի հետ կապող միջանցք բացե՞լ։ Այս պարագայում ու՞մ են պետք ռազմական դաշինքներն ընդհանրապես։

Յուրաքանչյուր անգամ Պուտինը «հապկ»-ի նման կառույցի նշանակությունը բարձրացնելու համար հայտարարում է ներղազախստանյան դեպքերին համատեղ ուժերի մասնակցության մասին։ Մինչդեռ ցավալի է, որ երկրի ներքին ցույցերը ցրելու համար կիրառում են միջազգային ուժեր։

Փաստորեն, անուղղակի ձևով հասկացվում է, որ իրականում ՀԱՊԿ-ն իրենից ներկայացնում է ոչ թե արտաքին ուժերի դեմ պայքարող կառույց, այլ անդամ պետությունների իշխանություններին դեմ քաղաքացիների ճնշման գործիք։ Այս մասով պետք չէ զարմանալ, որ Հայաստանը մնացել է միայնակ։ Դրա մասին է վկայում ձայնի իրավունքի և հաշվետվողականության համաթվի վարքագիծը Հայաստանում, ՀԱՊԿ անդամ մյուս պետություններում և Հայաստանի անմիջական հարևանների  մոտ․

Գծապատկեր 1․ Ձայնի իրավունքի և հաշվետվողականության համաթիվը Հայաստանում, ՀԱՊԿ անդամ մյուս պետություններում և ՀՀ-ի անմիջական հարևանների մոտ 2022 թ․-ին

Ընթերցողների համար պարզ լեզվով նկարագրենք այս ցուցանիշը, որն իրենից ներկայացնում է սեփական ժողովրդին «մարդատեղ» դնելու աստիճանը։ Ցուցանիշի փաստացի արժեքները կարող են տատանվել [-2,5;2.5] միջակայքում։ Որքան ցուցանիշը մոտ է -2,5 բալին, այնքան իշխանությունները «թքած ունեն» սեփական ժողովրդի վրա, ճիշտ է նաև հակառակը։

Գծապատկեր 1-ից երևում է, որ ամենաբարձր ցուցանիշն այս առումով Հայաստանինն է՝ 0,06։ Նույնիսկ մենք անցնում ենք երբեմնի ժողովրդավար Վրաստանին՝ 0,02 բալ։ Չնայած այս դրական միտումներին՝ թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի ցուցանիշները խիստ սահմանային են։ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը փաստացի «թքած ունեն» սեփական ժողովրդի հիմնարար իրավունքների վրա։ Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչ է անում Հայաստանը ՀԱՊԿ -ում, որտեղ ուժի կիրառումը փաստացի հասկացվում է ներքին ընդդիմության խեղդում, տապալում, ձայնի իրավունքի բացակայություն։

Այսպիսով, վերը նշվածն ամփոփելիս  պետք է փաստենք, որ Հայաստան պետության զարգացման այս փուլում մենք նորից հայտնվել ենք անորոշ ու բարդ կարգավիճակում և դարձել ահավոր խոցելի։

Ռուս-թուրքական հերթական մերձեցումների արդյունքում և այս անորոշության երկար պահպանման պարագայում հնարավոր են Հայաստանի համար խիստ բացասական հետևանքներ։

Share This Article
1 Comment