ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՄՏՆՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐԴ ՇՐՋԱՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Սույն թվականի նոյեմբերի 19-20 ընկած ժամանակահատվածում Թունիսում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի ընթացքում կազմակերպության նախագահությունն անցավ Հայաստանից Թունիսին: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում ընդունվեցին մի շարք փաստաթղթեր, որոնցից մեկը վերաբերում էր կազմակերպության տարածքում անվտանգության պահպանման հարցերին: Վերջինումս կազմակերպության անդամ պետություններն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին և կոչ արեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարցերը լուծել խաղաղ ճանապարհով և ազատ արձակել բոլոր պահվող անձանց:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ անդամ պետությունների ղեկավարների միջև: Դրանց շրջանակներում քննարկվել են փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցեր: Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները, աշխարհի մյուս պետությունների նման, մտնում են հարաբերությունների նոր դարաշրջան, երբ տեղի է ունենում հակամարտություն Արևմուտքի և Արևելքի միջև: Այս հակամարտությունը դեռևս ընթացքի մեջ է և չի երևում հակասությունների այն կետը, որից հետո իրավիճակի փոփոխություն կարող է լինել: Այս ժամանակաշրջանում նկատվում է համաշխարհային տնտեսության դանդաղեցում, որն, անշուշտ, ազդելու է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների տնտեսությունների վրա ևս: Հատկապես գործերը լավ չեն դասավորվում Եվրոպայում, որտեղ տարբեր բնույթի հակամարտություններ են վարվում Ռուսաստանի դեմ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային բնույթի:

Եվրոպայի խոշոր տնտեսությունները, այդ թվում և ֆրանկոֆոնիայի անկյունաքարային երկրի՝ Ֆրանսիայի տնտեսությունը, ծանր ժամանակներ են ապրում.

Գծապատկեր 1. Ֆրանսիայի տնտեսության անկումը շարունակվում է

Ֆրանսիայի տնտեսությունը շարունակում է կրճատվել.  2021 թ․-ի 4-րդ եռամսյակում տնտեսական աճն այս երկրում կազմում էր 5.1 %, 2022 թ․-ի առաջին եռամսյակում՝ 4.7 %, 2022 թ․-ի երկրորդ եռամսյակում՝ 4.2 %, իսկ 2022 թ․-ի երրորդ եռամսյակում արդեն` 1 %: Տնտեսության` նման արագությամբ անկումները ցույց են տալիս, որ Ֆրանսիայում ևս կան ռեցեսիայի նշաններ:

Այս ամենին զուգահեռ Ֆրանսիայում արձանագրվում են գնաճային ռեկորդներ.

Գծապատկեր 2. Ֆրանսիայում գնաճը ցուցաբերում է տատանողական բնույթ

Ինչպես երևում է գծապատկերում, գնաճի առավելագույն մակարդակը Ֆրանսիայում դիտվել է 2022 թ․-ի օգոստոսին՝ 7.8 %2022 թ․-ի սեպտեմբերին գնաճը մի փոքր նվազել է` կազմելով 7.2 %:

Ինչպես տեսնում ենք, Ֆրանսիայի տնտեսությունը ցույց է տալիս մտահոգիչ վարքագիծ: Միգուցե իրավիճակի մեղմացման համար հնարավոր լինի օգտագործել Ֆրանկոֆոնիայի ներսում տնտեսական մի շարք ուղղություններով փոխհամագործակցությունը:

Կիսվեք այս հոդվածով