Հայաստան ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները մեր երկրից վերարտահանելու փուլում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը գործող կարգավորումներով չի վերադարձվում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի պնդմամբ ակցիզային հարկը սպառման հարկ է եւ պետք է վճարվի այն երկրում, որտեղ սպառվում են այդ ապրանքները: Նրա խոսքով, եթե այդ ապրանքները մեր երկրում չեն սպառվում, ապա արդար չէ, երբ այդ հարկը՝ որպես ներմուծման հարկ, պահվում է մեր բյուջեում: Առաջարկվում է նման դեպքերում Կառավարությանն ակցիզային հարկը վերադարձնելու իրավասություն վերապահել:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հումքի ներմուծմանը, երբ վերամշակմամբ ստացվում է ապրանք եւ վերարտահանվում: Այս դեպքում եւս առաջարկվում է ապրանքներն ազատել ակցիզային հարկից:
Ի պատասխան հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցի՝ փոխնախարարը պարզաբանել է, որ կարգավորումը նախատեսվել է ակցիզային հարկով հարկվող բոլոր ապրանքների համար՝ Կառավարության սահմանած կարգով, դեպքերում եւ չափով: Այսինքն՝ ապրանքով պայմանավորված՝ սահմանված չափը կարող է տարբեր լինել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում